Տնտեսություն

ՀՀ վարչապետը Մաքսային միությունն արդեն կայացած կառույց է համարում

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետը Մաքսային միությունն արդեն կայացած կառույց է համարում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությունն արդեն կայացած կառույց է և սերտ համագործակցության համար հաջորդ քայլն է անում՝ նախաձեռնելով Եվրասիական տնտեսական միության ստեղծումը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե կկայանա՞ Մաքսային միությունը, եթե Ուկրաինան չանդամակցի այդ կառույցին: «Ես առաջին հերթին ցանկանում եմ արձանագրել, որ այդ կառույցն արդեն կայացած է և արդեն ցույց է տվել իր արդյունավետությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:

Մաքսային միության անդամ երեք երկրների նախագահներն արդեն հայտարարել են Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին, ինչը նշանակում է, որ նրանք դեպի համագործակցության նոր փուլ են գնում: «Այդ նոր փուլը ենթադրում է 4 ազատ լուծումների ամբողջականություն մեկ տնտեսական տարածքում, որոնք են ապրանքների, կապիտալի, ծառայությունների և աշխատուժի ազատ հոսքերը»,- նշեց Սարգսյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այդպիսի ազատությունների միասնական դաշտի ստեղծումը վկայում է այն մասին, որ արդեն կայացած այդ կառույցը անում է հաջորդ քայլը զարգացման առումով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին, Մոսկվայում հայտարարել է Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության որոշման և այդ նպատակով անհրաժեշտ կատարելիք քայլերը ձեռնարկելու, իսկ հետագայում՝ Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում