Տնտեսություն

ՀՀ վարչապետն անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղելու պատճառներին

4 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետն անդրադարձել է «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարության դանդաղելու պատճառներին

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարական աշխատանքները դանդաղել են, քանի որ կառավարությունն առավելությունը տվել է որակին: Այս մասին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հարցին: «Կառավարությունը գիտակցաբար գնաց այդ քայլին, քանի որ նախապատվությունը տալիս է աշխատանքի կատարման որակին, որպեսզի Հայաստանում մեծածավալ ներդրումներից հետո լինի կուտակված ներուժ, որ ապագայում մենք կարողանանք Հայաստանում նմանատիպ մեծածավալ ներդրումներ իրականացնել և պատշաճ կերպով սպասարկել ժամանակակից ավտոճանապարհները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՀ վարչապետը:

Նա ընդգծեց, թե խնդիրն այն է, որ Հայաստանում չկային այն կարողությունները, որպեսզի հնարավոր լիներ նախագծել նման ճանապարհ: «Մենք չունեինք գիտելիքներ, չունեինք մասնագետներ և չունեինք նորմատիվ ակտեր: Մենք չունեինք գիտելիքներ նման մեծածավալ ներդրուների պարագայում մեծ ճանապարհ կառուցելու համար: Մեզանից բավական երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի մենք Ասիական զարգացման բանկի մասնագետների հետ ճիշտ մոտեցում գտնենք: Մի քանի անգամ տարբեր մոդելներ դարձան մեր քննարկման առարկան, դարձան նաև բանավեճի առարկա, արդյունքում մենք գտանք Հայաստանի համար ընդունելի և լավագույն լուծումը, թե ինչպես պետք է կառավարվի այս գործընթացը»,- ասաց նա:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ կառավարությունն ուսումնասիրել է նաև հարևան Վրաստանի փորձը` հասկանալու համար, թե ինչպես կարող են արագացնել այդ գործընթացը: Նրա խոսքով՝ նման խնդիրների առջև կանգնել է նաև Վրաստանը: «Դա նաև բացասաբար է անդրադարձել Հայաստանի 2013թ. տնտեսական աճի ցուցանիշի վրա, սակայն մենք նախապատվությունը տվել ենք որակին: Քանի որ սա Հայաստանի պատմության մեջ ամենաթանկ ճանապարհն է լինելու, որակի խնդիրները մեզ համար ունեն էական նշանակություն, սակայն այս տարի աշխատանքները նոր թափով կընթանան»,- նշեց Սարգսյանը:

Աձագանքելով՝ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը նշեց, որ չի հավատում վարչապետի խոստումներին, թե աշխատանքներն այս տարի նոր թափով կշարունակվեն, քանի որ վարչապետը այլ խոստումներ ևս տվել է, որոնք չեն կատարվել: ՀՀ վարչապետը պատասխանեց, որ իր համար հասկանալի է դառնում, որ հարցը չի տրվել հասկանալու համար, թե ինչու են հետաձգեվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարական աշխատանքները, այլ հարցի նպատակն էր քաղաքական գնահատականներ հնչեցնելը, որոնք արդեն «շտամպային» են դարձել և որոնք բազմաթիվ անգամներ կրկնվում են: «Եվ այս ամենի մեջ մի հետաքրքիր երանգ կա, թե երկրի բոլոր պրոբլեմները մեկ անձով են պայմանավորված: Այնպիսի տպավորություն է, որ երկրում ծառացած բոլոր խնդիրները կարող են մեկ ակնթարթում լուծվել, իսկ դուք տիրապետում եք այդ գաղտնիքին, թե ինչպես: Դուք ձեր «շտամպային» ելույթներով արդեն ոչ մեկի չեք զարմացնում, որովհետև բոլորը դրանց արդեն ծանոթ են»,- նշեց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահան Բաբայանին հարցի համար՝ հույս հայտնելով, որ քաղաքացիների և պատգամավորների համար հասկանալի դարձավ, թե ինչ ճանապարհ է կառուցվում: Նա նշեց, որ առաջիկայում կարող են նոր ներդրումներ կատարվել, քանի որ ներդրված 900 միլիոն դոլարը կարող է չբավարարել «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարականան աշխատանքներն ավարտին հասցնելու համար:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում