ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստը Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ տեղի կունենա փետրվարի 25-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է Ասամբլեայի ներկայացուցիչ Ջոն Էշը: Ավելի վաղ նախատեսվում էր նիստն անցկացնել փետրվարի 20-ին, սակայն հանդիպման նախաձեռնողների, այդ թվում Սաուդյան Արաբիայի խնդրանքով այն հետաձգվել էր:
Այնուհետև տեղեկություններ էին ստացվել, որ Սիրիայի հումանիտար իրավիճակի վերաբերյալ քվեարկությունը նախատեսված է անցկացնել փետրվարի 22-ի առավոտյան: Սակայն դեռ հստակ չէր Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումը: Ռուսաստանը պահանջել է փոփոխություններ կատարել և թեթևացնել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը:
Համաձայն բանաձևի նախագծի՝ Սիրիայում կստեղծվեն մարդասիրական միջանցնքներ ՄԱԿ-ի և տարբեր ընկերությունների համար: Այն կոչ է անում բոլոր կողմերին, հատկապես Սիրիայի իշխանություններին, թույլատրել մուտք գործել շրջափակման մեջ գտնվող շրջաններ: Բացի այդ, կողմերը պետք է անմիջապես դադարեցնեն բնակելի տարածքների շրջափակումը, որոնց թվում է Հոմսը, պաղեստինցի փախստականների Յարմուք ճամբարը, Ղուտան: Այսպիսով բնակիչներին պետք է թույլ տալ դուրս գալ նշված տարածքներից և ստանալ մարդասիրական օգնություն:
Բանաձևը նաև կոչ է անում դադարեցնել բոլոր հարձակումները քաղաքացիների վրա, ինչպես նաև օդային ռմբակոծությունը, հատկապես վառվող նյութերով ռմբակոծությունը Հալեպում:
Ավելի վաղ Ռուսաստանը և Չինաստանը 3 անգամ վետո են դրել ՄԱԿ-ի`Սիրիայի վերաբերյալ բանաձևերի վրա: