ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը հայատարարել է, որ առաջընթաց է գրանցել Դամասկոսի մերձակայքում գտնվող Յաբրուդ քաղաքում, որտեղ սպանվել են զինված խմբավորման բոլոր անդամները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զինյալները սպանվել են Յաբրուդի մերձակայքում գտնվող Ռեյմայի շրջանում:
Ընդդիմադիր աղբյուրներն իրենց հերթին տեղեկացնում են, որ կառավարական ուժերը ռմբակոծում են քաղաքը և դրա արվարձանները: Ռմբակծուվում է նաև Դամասկոսի հարավում գտնվող Զամալքայի և Ջոբարի շրջակայքը:
«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայի օդային ուժերը ռմբակոծում են Սինաիա քաղաքը և Հալեպի Շեյխ Նաջար թաղամասը: Թեժ մարտերը շարունակվում են Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, այն բանից հետո, երբ ընդդիմադիրները ձախողել էին բանտի վրա հարձակվելու փորձը:
Տեղեկություններ են ստացվել, որ «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող իսլամիստական խմբավորման անդամները Հալեպի Հարյաթան գյուղի Մուլլահ շրջանից հեռանալուց հետո այնտեղ մեծ թվով սպանված մարդկանց գերեզման է հայտնաբերվել:
Սիրիայում եռամյա հակամարտության զոհ է դարձել ավելի քան 110 հազար մարդ: