Տնտեսություն

Հայատանը 50 տոկսով կատարել է Մաքսային միություն մուտք գործելու աշխատանքը. Տիգրան Սարգսյան

4 րոպեի ընթերցում

Հայատանը 50 տոկսով կատարել է Մաքսային միություն մուտք գործելու աշխատանքը. Տիգրան Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կատարել է Մաքսային միություն մուտք գործելու համար նախանշված միջոցառումների գրեթե կեսը:

Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը` այս մասին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Այսօրվա դրությամբ մենք չունենք չիրականացված միջոցառումներ, և մեր գնահատմամբ` այն աշխատանքը, որը պետք է արվի մինչ Մաքսային միություն մտնելը, արդեն կատարված է մոտ 50 տոկոսով»,- ասել է ՀՀ կառավարության ղեկավարը:

Նրա խոսքով` ՄՄ-ին անդամակցելու «Ճանապարհային քարտեզը» ներառում է 260 միջոցառում, որոնք մեծ մասամբ հստակեցված են Հայաստանի կառավարության կողմից:

«Այս ծրագրի հիման վրա մեզ մոտ գործում է 20 աշխատանքային խումբ, որոնք պատասխանատու են այս կամ այն ուղղությունների իրականացման համար: Ամեն օր նրանք հաշվետու են լինում կատարված աշխատանքի մասին»,- պարզաբանել է Սարգսյանը` հավելելով, որ գլխավոր հարցերից մեկը առնչվում է մաքսատուրքերին:

Փետրվարի 21-ին կայացել է Հայաստանի` Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքին միանալու աշխատանքային մեծ խմբի հանդիպումը: Խումբը ստեղծվել է Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ:

«Մեզ մոտ եղել է այդ աշխատանքային խմբի ղեկավարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Տատյանա Վալովայան, ով ժամանել էր փորձագետների խմբի հետ: Կար եզակի հնարավորություն անցնել ողջ «ճանապարհային քարտեզով»,- պատմել է Սարգսյանը` տեղեկացնելով, որ աշխատանքային խմբի ղեկավարը ներկայացրել է կատարված աշխատանքի, ինչպես նաև առաջիկա անելիքների մասին հաշվետվություն:

Աշխատանքային խմբի անդամները շփվել են հայ գործընկերների հետ` ըստ ուղությունների:

«Իրենք անցկացրել են «ճանապարհային քարտեզի» իրականացման գործընթացի մոնիթորինգ, ծանոթացել կատարված աշխատանքի հետ, հստակեցրել են մեր ստանձնած պարտավորությունների կատարման աստիճանը»,- ասել է գործակալության զրուցակիցը` ավելացնելով, որ իրեն հայտնել են դրական արդյունքների մասին:

Անդրադառնալով Ուկրաինայում տիրող իրավիճակին` Հայաստանի վարչապետը հույս է հայտնել, որ Ուկրաինային կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետներում դուրս գալ ճգնաժամից: «Իհարկե, իրավիճակն Ուկրաինայում բացասաբար է ազդում այդ երկրի տնտեսական իրավիճակի վրա, այսօր տեղեկատվություն է եկել այն մասին, որ երկրի տնտեսական վարկանիշը նվազեցվել էլ»,- ասել է Սարգսյանը` նշելով, որ դա նշանակում է, որ դեպի վատն է փոխվում ներդրումային մթնոլորտը, ինչը կարտահայտվի մարդկանց կենսամակարդակի և ԱՊՀ մյուս երկրների հետ համագործակցության վրա:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեզ համար եղբայրական Ուկրաինան դուրս գա այս իրավիճակից որքան հնարավոր է շուտ, մենք հետաքրքրված ենք դրանում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

Հարցազորւյցի ավարտին Սարգսյանը փոխանցել է նաև Օլիմպիական խաղերի մասին իր տպավորությունները:

«Այն ինչ տեսել եմ հեռուստատեսությամբ ամենահաճելի տպավորությունն է թողել ինձ վրա, հատկապես խաղերի բացման արարողությունը, որն ուղղակի հիանալի էր»,- ասել է Հայաստանի վարչապետը` տեղեկացնելով, որ ներկա է գտնվելու Օլիմպիական խաղերի փակման արարողությանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում