ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Յաբրուդի շրջանում շարունակում է թեժ մարտեր մղել զինված ընդդիմադիրների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, փետրվարի 21-ին Յաբրուդի Ռեյմա շրջանում բախումների ժամանակ սպանվել են զինված խմբավորման բոլոր անդամները և ոչնչացվել նրանց պատկանող զենքն ու զինամթերքը:
Բացի այդ, տասնյակ զինյալներ են սպանվել Հոմսի, Դարաայի մի քանի շրջաններում, միաժամանակ ոչնչացվել են նրանց թաքստոցները:
Ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ Հոմսի ագարակներում և Հուլայի շրջաններում զինյալները լուրջ կորուստներ են կրել:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպում՝ կենտրոնական բանտի մերձակայքում, շարունակվում են բախումները զինված ընդդիմադիրներին և կառավարական ուժերի միջև: «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման անդամները պայթեցրել են բանտի դարպասները, իսկ սիրիական բանակը պատասխանել է այրող նյութերով ռմբակոծությամբ: Կայքի տեղեկացմամբ` կառավարական ուժերը ռմբակոծում են նաև Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակայքը: Ընդդիմադիրները հայտարարել են, որ հսկողություն են հաստատել Բուրջ Ռուման գյուղի վրա: Աղբյուրը նաև նշել է, որ ռմբակոծվում է Դամասկոսի Կալամուն շրջանի Յաբրուդ քաղաքը:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: