Միջազգային

Հոմսում բնակիչների տարհանումն ընդհատվել է պայթյունների և կրակոցների պատճառով

1 րոպեի ընթերցում

Հոմսում բնակիչների տարհանումն ընդհատվել է պայթյունների և կրակոցների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմս քաղաքի հին թաղամասերից, որոնք գտնվում են զինյալների հսկողության տակ, բնակիչների տարհանումը ձախողվել է կրակահերթի և պայթյունների պատճառով: Այս մասին փետրվարի 19-ին տեղեկացրել է Հոմսի քաղաքապետ Թալալ ալ Բարրազին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրա խոսքով` իրենց հաջողվել է դուրս բերել ընդամենը 11 քաղաքացու: Նա մեդադրել է զինյալներին համաձայնությունը խախտելու մեջ: «Բնակիչների տարհանումը համաձայնեցված էր ՄԱԿ-ի հետ, ինչպես դա արվել է նախորդ անգամ»,- նշել է քաղաքապետը:

Մինչև այժմ Հոմսի ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող թաղամասերից տարհանվել է 1400-ից ավելի քաղաքացի: Նրանց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեց մարդիկ են:

Հոմսի քաղաքապետը մինչ այդ տեղեկացրել էր, որ քաղաքում վերսկսվել է բնակիչների տարհանումը:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ սիրիական բանակը մուտք է գործել Դամասկոսի մերձակայքում գտնվող Բաբիլլա արվարձան: Ավելի քան 300 ապստամբներ համաձայնել են Բաբիլլայում դադարեցնել կրակը: Այնտեղ բարձրացվել է Սիրիայի դրոշը: Ակնկալվում է, որ 48 ժամվա ընթացքում բնակիչները կսկսեն վերադառնալ ինչպես Բաբիլլայի, այնպես էլ Բեյթ Սահեմի և Իլդայի իրենց բնակավայրեր:

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում