ԵՐԵՎԱՆ, 18 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահաբեկչական հարձակման հետևանքով վնասվել են գլխավոր էլեկտրամատակարարման գծերը, և Սիրիայի մի քանի մարզեր հոսանքազրկվել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, այս մասին տեղեկացնում է Սիրիայի Էներգետիկայի նախարարությունը: Հոսանքազրկված մարզերն են Տարտուսը, Համան, Լաթաքիան, Իդլեբը և Հալեպը: Նախարարությունը պարզաբանել է, որ միջոցառումներ են ձեռնարկվում նշված մարզերն այլընտրանքային էլեկտրաէներգիայով ապահովելու համար և, միևնույն ժամանակ, աշխատանքներ են տարվում` վերականգնելու վնասված էլեկտրաէներգիայի մատակարարման գծերը:
Զինված խմբավորումների հարձակման հետևանքով փետրվարի 17-ին վնասվել էր Զարա գյուղի էլեկտրակայանը, որի հետևանքով հոսանքազրկվել էր Համայի շրջանը: Բացի այդ մեկ այլ հարձակման հետևանքով հոսանքազրկվել էին Հալեպը և Իդլեբը: