Միջազգային

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննադատել են Դամասկոսին միջսիրիական բանակցությունները ձախողելու համար

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան քննադատել են Դամասկոսին միջսիրիական բանակցությունները ձախողելու համար

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Սիրիայի կառավարությանը մեղադրել է Ժնևում տեղի ունեցած միջսիրիական բանակցություններում առաջընթաց չգրանցելու մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրա խոսքով, Սիրիայի կառավարական պատվիրակությունը արգելքներ է ստեղծել և ժամանակ ձգել, մինչդեռ ընդդիմադիր պատվիրակությունը ցուցաբերել է պատրաստակամություն` քննարկելու ճգնաժամի բոլոր կողմերը: «Առաջ շարժվելն առավել խոչընդոտում է Բաշար ալ Ասադի վարչակազմի դիրքորոշումը»,- նշել է Քերին:

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը միջսիրիական բանակցությունների անհաջողության պատասխանտու է համարել Ասադի վարչակազմին: Իր հերթին Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարել է, որ սիրիական համակարգի դիրքորոշումը արժանի է քննադատության: Ապա նա ողջունել է Սիրիայի ընդդիմադիր պատվիրակության կատուցողական դիրքորոշումը:

ԱՄՆ-ի,Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նման արձագանքը չի զարմացրել Դամասկոսին: Արտգործնախարար Ուալիդ ալ Մուալեմը նշել է, որ այդ երկրները մշտապես հանդես են եկել Սիրիայի դեմ՝ սատարելով ընդդիմությանը:

Միջսիրիական բանակցությունների միջնորդ Ախդար Իբրահիմին բանակցությունների ավարտից հետո հայտարարել էր, որ հաջորդ փուլի օրակարգում կքննարկվեն բռնությունների և ահաբեկչության դեմ պայքարի, անցումային մարմնի, ազգային հաշտեցման և այլ թեմաների վերաբերյալ հարցեր:

Միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է փետրվարի 15-ին: Բանակցությունների ընթացքում կողմերը ցուցաբերել են զսպվածություն` չնայած ակնհայտ են եղել նրանց տարաձայնությունները: Բանակցությունների հաջորդ փուլը կարող է մեկնարկել մարտին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում