ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը որոշել է մասնակցել ժնևյան համաժողովի երկրորդ փուլի բանակցություններին, որոնք կմեկնարկեն Ժնևում, փետրվարի 10-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը՝ պարզաբանելով, որ Սիրիայի պատվիրակությունը կշարունակի ջանքեր ներդնել՝ կետ առ կետ քննարկելու ժնևյան համաձայնագիրը: «Սիրիայի անվտանգության և կայունության վերականգնման համար անհրաժեշտ է քննարկել ահաբեկչության և բռնությունների սահմանափակման հարցը, և դադարեցնել ահաբեկչական զինված խմբավորումների միջազգային և տարածաշրջանային աջակցությունը»,- նշել է Սիրիայի ԱԳ նախարարը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Ժնևում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է դադարեցնել սպանությունները և ահաբեկչությունը:
Միջսիրիական բանակցությունների առաջին փուլը մեկնարկել էր հունվարի 22-ին, Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում, որը, սակայն, մեծ հաջողություններ չգրանցեց: Ակնկալվում է, որ երկրորդ փուլը կլինի կառուցողական: