Միջազգային

Հալեպի արևելյան շրջանի բնակիչները հեռացել են իրենց բանկավայրերից

2 րոպեի ընթերցում

Հալեպի արևելյան շրջանի բնակիչները հեռացել են իրենց բանկավայրերից

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արևելյան շրջանները, որոնք գտնվում են ընդդիմադիրների հսկողության տակ, ենթարկվում են ռմբակոծության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Միսր, Մրջե, Ջազմաթի, Մասրանիա, թաղամասերում փակվել են գրեթե բոլոր առևտրի կենտրոնները, իսկ բնակիչները հեռացել են իրենց բնակավայրերից: Աղբյուրի տեղեկացմամբ` Հալեպի Մասաքին Հանանու թաղամասում տասը մարդ է զոհվել, այդ թվում` 5 երեխա: Ռումբերից մեկն ընկել է Օսման բն Աֆան մզկիթի վրա:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում փետրվարի 3-ին ավելի քան 90 մարդ է զոհվել:

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ` Սիրիայի ընդդիմադիր ուժերը հաջողություններ են գրանցել Կունեյտրա շրջանում և փակել Դարաա-Կունեյտրա ճանապարհը:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության տեղեկացմամբ` Դամասկոսի բնակելի Մաարա թաղամասում փետրվարի 4-ին հրասանդ է ընկնել, ինչի հետևանքով երկու քաղաքացի է վիրավորվել: Ոստիկանությունից տեղեկացրել են, որ հրասանդն ընկել է Մալիք Ֆեյսալ փողոցի բնակելի տան վրա, և ընտանիքի 2 անդամները վիրավորվել են, իսկ բնակարանը նյութական մեծ վնասներ է կրել:

Սիրիական բանակը Դեր Զորում զինյալներին պատկանող զենքերով լի 5 մեքենա է ոչնչացրել: Բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել: Բախումներ են տեղի ունեցել Հոմսի շրջանում, մասնավորապես, Կարաբիդ, Խալիդիա, Ղասաբիա գյուղերում, որտեղ մեծ թվով զինյալներ են սպանվել:

Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում