Հալեպում պայթյուն է որոտացել Ֆինանսների տնօրինության շենքի մերձակայքում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինյալների իրակացրած պայթյունի հետևանքով Հալեպում փետրվարի 3-ին մեծ նյութական վնասներ է կրել Ֆինանսների տնօրինության շենքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պայթուցիկ սարքավորումը զինյալները գործի են դրել շինության մերձակայքում. բարեբախտաբար, մարդկային զոհեր չեն եղել: Տնօրեն Մահմուդ Ջամալը նշել է, որ պայթյունից ամբողջովին ոչնչացվել է տեղեկատվության և սարքավորումների մի մասը: Նա նաև հաստատել է, որ բոլոր տեղեկությունների և փաստաթղթերի շրջանառությունն ավտոմատացված է, և պայթյունը չի վերացրել որևէ փաստաթուղթ:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Հալեպում փետրվարի 2-ին օդային ռմբակոծության հետևանքով 83 մարդ է զոհվել: Ռմբակոծության են ենթարկվել քաղաքի հյուսիսային շրջանները: Ակտիվիստների խոսքով` զոհերի մեծամասնությունը քաղաքացիական անձինք են:
Զինյալների իրականացրած մեկ այլ պայթյունի հետևանքով Համայի Ռաբիա գյուղում 5 աշակերտ է զոհվել, կան նաև վիրավորներ: Ոստիկանության տեղեկացմամբ` 4 հրթիռներն ընկել են միջնակարգ դպրոցի վրա` աշակերտների դպրոցից դուրս գալու ժամանակ: Նյութական վնասներ են կրել դպրոցը և մերձակայքում գտնվող մեքենաները:
Սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը հասել է 120 հազարի, այդ թվում` զոհված հայերի թիվը գերազանցել է 70-ը: