ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի Արաբական Հանրապետության պատվիրակությունը հունվարի 31-ին, միջսիրիական բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ լիովին հակված է ճգնաժամը հաղթահարելու համարհամաժողովիցօգտվելու մտքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սակայն, ընդդիմության ներկայացուցիչները մերժել են քաղաքական կարգավորմանը վերաբերող բոլոր, այդ թվում` ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցերը: Պատվիրակության անդամները հայտարարել են, որ իրենց երկիրը ղեկավարել և ղեկավարելու են պետական գործիչներ` նշելով, որ պատրաստ են իրականացնել ժնևյան համաձայնագիրը, սակայն դա պետք է կատարվի սիրիական բոլոր ընդդիմադիր կողմերի համագործակցության արդյունքում:
Դրան զուգահեռ, Սիրիայի ընդդիմությունը մշտապես հայտարարում է, որ սիրիական ճգնաժամը հաղթահելու համար պետք է առաջին հերթին կազմավորվի անցումային կառավարություն, իսկ Բաշար ալ Ասադը անցումային փուլում տեղ չունի:
Շվեյցարիայում հունվարի 22-ին մեկնարկել էր Ժնև-2 միջազգային համաժողովը, որին հետևել էին Սիրիայի կառավարության և ընդդիմության ուղիղ բանակցությունները` ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Ախդար Իբրահինիի միջնորդությամբ: Ընդհանուր առմամբ, բանակցությունների առաջին փուլում մեծ առաջընթաց և հաջողություններ չեն գրանցել: Ախդար Իբրահիմին հույս ունի, որ բանակցությունների երկրորդ փուլը կլինի կառուցողական: