Սիրիայի ընդդիմադիր պատվիրակությունը կառավարության ներկայացրած նախագիծը համարել է միակողմանի
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժնևում հունվարի 30-ին Սիրիայի կառավարության և ընդդիմադիր կոլաիցիայի միջև տեղի ունեցած բանակցությունների ժամանակ Սիրիայի ընդդիմադիր պատվիրակությունը կառավարության ներկայացրած` ահաբեկչության դեմ պայքարի նախագիծը համարել է միակողմանի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ըստ ընդդիմության՝ միակողմանիությունը կայանում է այն բանում, որ առաջարկը չի ներառել այն ահաբեկչական խմբավորումների մասին կետեր, որոնք կռվում են սիրիական համակարգի կողմից:
Ընդդիմության ներկայացուցիչ Լուայ Սաֆին նշել է, որ այսօրվա բանակցությունների ժամանակ խոսք է բարձրացվել ահաբեկչության դադարեցման մասին: Սակայն ընդդիմության կարծիքով` երկու կողմերը ոչնչի չեն կարող հասնել, քանի դեռ չի կազամավորվել անցումային կառավարություն: Նա նաև ավելացրել է, որ Սիրիայի կառավարական պատվիրակությունը հրաժարվում է քննարկել քաղաքական կողմերը: Լուայ Սաֆին նշել է, որ Սիրիայում բռնությունները կարող են դադարեցվել անցումային կառավարություն ստեղծումով: Նրա խոսքով` գործող համակարգը կենտրոնացել է Ժնևյան բանաձևի 6 կետերի վրա, իսկ անցումային կառավարություն ստեղծելու հարցը թողել է ամենավերջում:
Ժնևում, հունվարի 30-ին, ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմիի միջնորդությամբ ավարտվել են բանակցությունները Սիրիայի կառավարական և ընդդիմադիր կոալիցիայի պատվիրակությունների միջև: Սա միջսիրիական բանակցությունների նախավերջին օրն է, իսկ հունվարի 31-ին կավարտվի բանակցությունների առաջին փուլը: