Միջազգային

Սիրիայի կառավարական պատվիրակությունն ընդդիմությանն առաջարկել է պայքարել ահաբեկչության դեմ

2 րոպեի ընթերցում

Սիրիայի կառավարական պատվիրակությունն ընդդիմությանն առաջարկել է պայքարել ահաբեկչության դեմ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի կառավարական պատվիրակությունը հունվարի 30-ին, Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ առաջարկ է ներկայացրել ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, պատվիրակության անդամները հաստատել են, որ անհրաժեշտ է համագործակցել միջազգային հանրության հետ ահաբեկչության դեմ պայքարում: Նրանք հենվել են ՄԱԿ-ի համապատասխան բանաձևի վրա: Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան, սակայն, մերժել է առաջարկը:

Համաձայն ներկայացված նախագծի՝ անհրաժեշտ էր դադարեցնել ահաբեկիչներին աջակցելու, զինելու և ֆինանսավորելու գործընթացը: Ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է բոլորի աջակցությունը, որի նպատակն է Սիրիայի բոլոր շրջաններում հաստատել անվտանգություն, խաղաղություն, կայունություն և հանգստություն: Համաձայն ներկայացված փաստաթղթի՝ մերժվում է ցանկացած ուղղակի կամ անուղղակի միջամտություն Սիրիայի ներքին գործերին:

Սիրիան նաև կոչ է արել բոլոր հարևան երկրներին հսկել սահմանները՝ կանխելով ահաբեկիչների մուտքը Սիրիայի տարածք, ապա նաև կոչ է արել փոխանակվել անվտանգության ոլորտի տեղեկատվությամբ՝ կապված ահաբեկիչների գործողությունների, նրանց ցանցերի, պաթուցիկ նյութերի և զենքերի հետ:

Ժնևում հունվարի 30-ին, ՄԱԿ-ի և ԱԵԼ-ի հատուկ բանագնաց Լախդար Իբրահիմիի միջնորդությամբ, ավարտվել են բանակցությունները Սիրիայի կառավարական և ընդդիմադիր կոալիցիայի պատվիրակությունների միջև: Սա միջսիրիական բանակցությունների նախավերջին օրն է, իսկ հունվարի 31-ին կավարտվի բանակցությունների առաջին փուլը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում