ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի Բուսթան ալ Կասր, Մրջե, Ռաշիդին, Ջազմաթի, Դաուար ալ Հաուզ, Կադի Ասքարի թաղամասերում, ինչպես նաև ալ Ժդիյդե, Քուիրս, Շեյխ Նաջար, Աթարիբ շրջաններում հունվարի 29-ին մեծ թվով զինյալներ են սպանվել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, սիրիական բանակը հունվարի 29-ին կանխել է զինված խմբավորումների մուտքը Լիբանանի տարածքից Թալքալլախ գյուղ: Աղբյուրը տեղեկացնում է, որ Սարջ ադ Դուբս շրջանում 13 զինյալ է սպանվել և ոչնչացվել է նրանց պատկանող 9 մեքենա: Զարա և Կուսեյր գյուղերում տեղի ունեցած բախումների ժամանակ զինյալների թաքստոցներ և մեծ քանակությամբ զենքեր են ոչնչացվել: Սպանվել և վիրավորվել են զինված խմբավորման բոլոր անդամները: Նրանց թվում եղել է նաև խմբավորման ղեկավարը:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ Հալեպի բնակելի թաղամասերի ռմբակոծության հետևանքով քաղաքացիներ են զոհվել և վիրավորվել: Կայքի տեղեկացմամբ` 15 մարդ է զոհվել Միսր թաղամասում` կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով: Աղբյուրի տեղեկացմամբ` քաղաքը մոտ 6 շաբաթ շարունակ օդային ռմբակոծության է ենթարկվում, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 500-ի:
Բացի այդ, Հալեպի արևելյան հատվածներում թեժ մարտեր են ընթնաում «Իրաքի և Շամի իսլամական պետություն» կոչվող և այլ զինված խմբավորումների միջև:
Սիրիայում եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը: