ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է համապատասխան միջոցներ կիրառել այն ադրբեջանցիների նկատմամբ, ովքեր կռվում են Սիրիայի իշխանությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլման Աբդուլլաևը:
Մեկնաբանելով ամեն օր ստացվող տեղեկությունները Սիրիայում զոհվող ադրբեջանցի մոջահեդների վերաբերյալ` Աբդուլլաևը նշել է, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական ուղիներով շարունակում է քննել այս հարցը: Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է հստակեցնել, թե արդյոք սպանվածները հանդիսանում են Ադրբեջանի քաղաքացիներ: «Եթե հաստատվի նրանց ադրբեջանցի լինելու փաստը, ապա օրենքի շրջանակներում համապատասխան միջոցներ կձեռնարկվեն»,- ասել է նա:
Ադրբեջանում շարունակվում են լուրեր ստացվել Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող ադրբեջանցիների մահվան մասին: Այս տարի տեղեկություններ են ստացվել տասն ադրբեջանցի մոջահեդի սպանվելու վերաբերյալ:
Նախագահ Բաշար Ասադի դեմապստամբների կողմից կռվում են Ադրբեջանի 250-ից ավելիքաղաքացիներ, իսկ ամբողջ սիրիական պատերազմի ընթացքում սպանվել է 100-ից ավելի ադրբեջանցի: 2013թ.-ի մայիսին Սիրիայում կռվող ադրբեջանցիները հանդես էին եկել հերթական տեսաուղերձով, որում հայրենակիցներին կոչ էին արել ջիհադ (պատերազմ հանուն հավատի) վարել Սիրիայում: Ադրբեջանի օրենսդրությամբ` ցանկացած օտարեկրյա զինված ջոկատում երկրի քաղաքացիների մասնակցությունը, որոնք չենք ենթարկվում Ադրբեջանի պաշտոնական կառույցներին, հանդիսանում է ծանր քրեական հանցագործություն եւ որակվում որպես վարձկանություն: