Հայաստանում անցած տարի տնտեսական ակտիվությունն աճել է 3,5 տոկոսով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թվականի հունվար-դեկտեմբերին 3,5 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Աճ է արձանագրվել գրեթե բոլոր ոլորտներում, բացի շինարարության եւ էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառներից: 2012թ.-ի հունվար-դեկտեմբերի համեմատ անցյալ տարվա ընթացքում ծառայությունների ծավալն աճել է 3,6 տոկոսով և կազմել 917 մլրդ 122,9 մլն դրամ, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 6,1 տոկոսով` կազմելով 1 տրիլիոն 022 մլրդ 753,6 մլն դրամ: Առեւտրի շրջանառությունն աճել է 1,2 տոկոսվ և կազմել 2 տրլն 331 մլրդ 138 մլն դրամ:
Արդյունաբերական արտադրանքի ծավալը` 1 տրիլիոն 240 միլիարդ 578,7 միլիոն դրամ, 6,8 տոկոսով է գերազանցել 2012թ.-ի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը: Շինարարությունը շարունակում է անկում ապրել, և նախորդ տարվա համեմատ կատարված շինաշխատանքների ծավալը կրճատվել է 8,1 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 4,3 տոկոսով (7 մլրդ 710 մլն կՎտ.ժ), միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 6,5 տոկոսով (158 հազար 967 դրամ): Արտաքին ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. հունվար-դեկտեմբերի համեմատ ավելացել են 5,6 տոկոսով (5 մլրդ 956,8 մլն ԱՄՆ դոլար). ընդ որում, արտահանումն աճել է 7,2 տոկոսով (1 մլրդ 480 մլն դոլար), իսկ ներմուծումը` 5,1 տոկոսով (4 մլրդ 476,8 մլն դոլար):
Միջին ամսական աշխատավարձի ցուցանիշի ամբողջականացման նպատակով ներառված են զինվորականների աշխատանքի վարձատրության վերաբերյալ 2012-2013թթ. տվյալները, որոնք հասու են դարձել 2013թ. տարեվերջին: Ցուցանիշը հաշվարկված է ըստ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-246), որի համաձայն ՀՀ-ում աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումներում 2013թ.-ի հունվարի 1-ից ներառվել են նաև գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարները: Նշված օրենսդրական փոփոխության արդյունքում, 2012-2013թթ. Աշխատավարձի ցուցանիշների համադրելիությունն ապահովելու նպատակով, նախորդ տարվա համապատասխան ցուցանիշները վերահաշվարկվել են ըստ գործող մեթոդաբանության` գործատուի կողմից վճարվող պարտադիր սոցիալական ապահովության վճարի հաշվարկային (պայմանականորեն) դրույքաչափերը կիրառելու մեթոդով: