ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժնև 2»համաժողովի առաջին օրվա ընթացքում, բացի Սիրիային ուղղված մեղադրանքներից, եղել են նաև դրական խոսքեր, այդ թվում` Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի կողմից, ովսիրիական ճգնաժամի խաղաղ լուծմանկոչ է արել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ռուսական ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունն, այս մասին հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան ազ Զոուբին` ամփոփելով շվեյցարական Մոնտրյո քաղաքում մեկնարկած համաժողովի առաջին օրվա արդյունքերը:
Նա ափսոսանք է հայտնել, որ միջազգային համաժողովին ներկա չէ Իրանը, ապա ավելացրել է, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև սկսվող բանակցությունները չեն լինելու ոչ դյուրին, ոչ էլ արագ:
Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան միջազգային համաժողովում մեղադրել է Դամասկոսին մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Ապա Ահմադ Ջարբան Սիրիայի կառավարությանը մեղադրել է 11 հազար մարդկանց սպանության մեջ: Բացի այդ, նա ավելացրել է, որ Սիրիան զենքով պաշտպանելն սկսել են իշխանությունների գործողությունների պատճառով: Նա կոչ է արել փոխանցել իշխանությունը:
Սիրիայի արտգործնախարար Ուալիդ ալ Մուալլեմը տեղեկացրել է, որ ժնևյան համաժողովի արդյունքները հայտնի կլինեն բանակցություններում: Նրա խոսքով` Սիրիան ինքնիշխան պետություն է և կանի այն, ինչ անհրաժեշտ է համարում: Նա քննադատել է Սիրիայի կառավարության դեմ արտահայտվող երկրներին՝ ավելացնելով, որ այդ երկրները Սիրիան բեռնել են կեղտով, սակայն այժմ նրանց դիմակները պատռված են:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին իր ելույթում նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, որ փորձել է դաժանորեն ճնշել բողոքի ակցիաները, անցումային կառավարության մեջ չի կարող ընդգրկվել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը հույս է հայտնել է, որ բանակցությունները հաջող մեկնարկ կունենան: Նա ևս ընդգծել է, որ միայն սիրիական ազգը կարող է որոշել իր երկրի ապագան, իսկ բոլոր մասնակիցները միայն պետք է աջակցեն այդ ջանքերին:
Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 22-ին մեկնարկել է Ժնև-2 միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի մոտ 40 երկրների ներկայացուցիչներ: Սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը նստել են մեկ սեղանի շուրջ: