ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահը չի հեռանալու իր պաշտոնից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 22-ին ժնևյան համաժողովից հետո լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Ահմադ ազ Զոուբին՝ ավելացնելով, որ Սիրիայի ընդդիմության և նրան աջակցող երկրների պահանջով Ասադը չի հեռանալու: «Ասադի նախագահ լինելու ընտրությունը կկատարեն սիրիացիները»-, նշել է նախարարը: Նա նաև ավելացրել է, որ անհամաձայնություններ ունեն ժնևյան բանաձևի հետ, սակայն դա կքննարկեն բանակցությունների ժամանակ:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Սիրիայի տասնյակ արաբ լրագրողներ հարձակվել են Սիրիայի տեղեկատվության նախարար Ահմադ ազ Զոուբիի վրա, երբ վերջինս պետք է մասնակցեր ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցին: Նրան անվանել են մարդասպան:
Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 22-ին մեկնարկել է «Ժնև 2» միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի մոտ 40 երկրների ներկայացուցիչներ: Սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը նստել են մեկ սեղանի շուրջ: