ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի ղեկավար Ահմադ ալ Ջարբան միջազգային համաժողովում մեղադրել է Դամասկոսին մարդու իրավունքների ոտնահարման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա իր ելույթը սկսել է 2011թ.-ին Հոմսում 11-ամյա աղջնակի սպանության մասին խոսելով: Աղջկա սպանության մեջ նա մեղադրել է կառավարական ուժերին: Ապա Ահմադ Ջարբան Սիրիայի կառավարությանը մեղադրել է 11 հազար մարդկանց սպանության մեջ: Բացի այդ, նա ասել է, որ Սիրիան զենքով պաշտպանելն սկսել են իշխանությունների գործողությունների պատճառով: Ահմադ Ջարբան կոչ է արել փոխանցել իշխանությունը:
Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում հունվարի 22-ին մեկնարկել է «Ժնև 2» միջազգային համաժողովը, որին մասնակցում են աշխարհի մոտ 40 երկրների ներկայացուցիչներ: Սիրիական հակամարտության 3 տարիների ընթացքում առաջին անգամ Սիրիայի կառավարությունը և ընդդիմությունը նստել են մեկ սեղանի շուրջ: