ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգներին չհաջողվեց ձևավորել սիրիական ընդդիմադիր այնպիսի պատվիրակություն, ինչ որ նախատեսված էր իրականացնել ՄԱԿ-ի անվտանգության խոհրդի 2118 բանաձևի համաձայն: Այս մասին նշել է «Ժնև-2» միջազգային համաժողվին մասնակցող սիրիական կառավարության պատվիրակության ղեկավար, Սիրիայի արտաքին գործերի և Սփյուռքի նախարար Ուալիդ ալ Մուալլեմը` նախքան պատվիրակության ժամանելը Ժնև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, Ուալիդ ալ Մուալլեմը նշել է, որ ՄԱԿ-ը, տեղի տալով արևմտյան ճնշումներին, չի հրավիրել Սիրիայի ազգային ընդդիմությանը: Ինչ վերաբերում է նախագահ Բաշար ալ Ասադի առաջիկա ընտրություններին մասնակցելուն, նա նշել է, որ «նախագահի և իշխանության թեմաները արգելված գոտիներ են և անձեռնմխելի»: Պատվիրակության ղեկավարը հաստատել է, որ իր երկրի ցանկությունն է այս խորհրդաժողովում հասնել հաջողության, որի առաջին քայլը պետք է հանդիսանա սիրիացիների միջև երկխոսությունը` առանց արտաքին միջամտության: Անդրադառնալով Իրանի մասնակցության հարցին՝ նա նշել է, որ մեծ սխալ էր անտեսել նրա մասնակցությունը, քանի որ Իրանը մեծ դերակատարություն ունի տարածաշրջանի կայունության հաստատման համար, և այն երկրները, որոնք դեմ են Իրանի մասնակցությանը, չեն ցանկանա, որ տարածաշրջանը կայուն մնա: Վերջում նա ավելացրել է, որ չեն ակնկալում Սաուդյան Արաբիայի դիրքորոշման փոփոխություն ահաբեկչության աջակցելը դադարեցնելու հարցում:
Շվեյցարական Մոնտյրո քաղաքում հունվարի 22-ին մեկնարկել է Սիրիայի վերաբերյալ միջազգային համաժողովը, որի մասնակցում են Սիրիայի պաշտոնական և ընդդիմության պատվիրակությունները: