ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կայքերը, մասնավորապես`պետական կառույցների կայքերը բավական պաշտպանված են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա խոսքով` հաքերները քարոզչություն անելու նպատակով հիմնականում կոտրում են պետական, ինչպես նաեւ լրատվամիջոցների կայքէջերը: «Մեր պետական կայքերը բավական պաշտպանված են, ինչը չի կարելի ասել Արցախի պետական կայքերի մասին»,- ասաց նա:
Մարտիրոսյանը նշեց, որ այս տարի ադրբեջանական հաքերները մոտ 1000 հարձակում են գործել: «Բավական ակտիվ էին նաեւ թուրք հաքերները` Սիրիայի դեպքերի հետ կապված»,-հավելեց բանախոսը:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն ասաց, որ հաքերային հարձակումներից հնարավորինս պաշտպանելու համար հայկական սերվերները սկսել են տեղակայել արտասահմանում: «Կոտրված կայքեր վերականգնելու եղանակներ շատ կան: Կայքը լիովին պաշտպանելու համար անրաժեշտ է նվազագույնը 10 հազար ԱՄՆ դոլար վճարել: Անհրաժեշտ է պարբերաբար հետեւել կայքերի անվտանգությանը` հնարավոր բարդ հետեւանքներից խուսափելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նա:
Անդրադառնալով ֆեյսբուքյան էջերի պաշտպանության աստիճանին, «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահը նշեց, որ դրանք հնարավորինս պաշտպանված կլինեն, եթե բացառվեն պարզ գաղտնաբառերը:
«Հայկական կիբեր բանակ» հաքերային խումբը հունվարի 21-ին հակահարված է հասցրել ադրբեջանական հաքերային ակտիվությանն ու կոտրել ադրբեջանական մոտ 30 կայք: Հունվարի 20-ին ադրբեջանցի հաքերները իրենց հարձակման թիրախում էին վերցրել հայկական մի քանի կայքեր: Հարձակումն ուներ «սև հունվար» անվանումը: Հունվարի 20-ին ադրբեջանցի հաքերները նշում են «Սեւ հունվարը», երբ խորհրդային բանակը մտել է Բաքու: