Թուրքահայ լրագրող Սինեթը Դինքի սպանության բացահայտումը համարում է երկրում արդարության հաստատմանը նպաստող գործոն
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ հայտնի լրագրող, Ստամբուլում հայերեն և թուրքերեն լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մահվանից անցել է 7 տարի: Թեպետ Դինքի մարդասպանն անմիջապես ձերբակալվեց, այդուհանդերձ, հանցագործության կազմակերպիչները մինչև օրս շարունակում են մնալ ազատության մեջ: Նրանց ոչ միայն չեն դատապարտում, այլ, հավատարիմ թուրքական գործելաոճին, պարգևատրում են: Թուրքիայում սպառնալիքների հետևանքով Բելգիայից քաղաքական ապաստան խնդրած թուրքահայ լրագրող Ջևաթ Սինեթն «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկ անգամ ևս արտահայտեց միտքն այն մասին, որ երկրում հայերի մարդասպանների անպատժելիությունը վկայությունն է այն բանի, որ Թուրքիայում արդարությունն իսպառ բացակայում է:
«Որպեսզի Թուրքիայում իրական արդարություն հաստատվի, նախ անհրաժեշտ է, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը: Դրա համար պետք է ինչ-որ տեղից սկսել: Որպես այդպիսի սկիզբ կարող է լինել Հրանտ Դինքի իրական մարդասպանների հայտնաբերումն ու պատժելը»,- նշեցթուրքահայ լրագրողը: Նրա խոսքով` եթե Թուրքիան ցանկանում է լինել իրական արդար երկիր, ապա պետք է անմիջապես ձերբակալի թուրքական բանակում ծառայող հայազգի Սևակ Բալըքչըին սպանած զինվոր Քըվանչ Աղաօղլուին, ով անգամ մեկ օր իր պատիժը չկրեց ճաղերի հետևում և ազատ արձակվեց: Թուրքական կառավարությունը միաժամանակ պետք է թույլ տա, որպեսզի հայազի երգիչ, երաժիշտ, ուդի վարպետ Արամ Տիգրանի աճյունը տեղափոխվի Դիարբեքիր և թաղվի տեղի հայկական գերեզմանատանը:
«Եթե ինձ այժմ հարցնեք, թե արդյոք ես հավատում եմ այս ամենին, ապա ես կասեմ, որ այս հարցում հավատ չունեմ, և ոչ էլ` հույս: Սակայն ասել, թե ինչ կարող է լինել ապագայում, չեմ կարող: Ի՞նչ կարող է մարդ սպասել մի երկրից, որտեղ մի մարդասպանը մյուսին է մարդասպան անվանում…»,- նման հարցադրում է արեց Սինեթը:
Թուրքահայ լրագրող Ջևաթ Սինեթը, ում դեմ սպառնալիքներ են սկսվել այն բանից հետո, երբ լրագրողը բացահայտումներ արեց թուրքական բանակում զինծառայության ընթացքում հայազգի զինվոր Սևակ Բալըքչիի սպանության հետ կապված, քաղաքական ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Բելգիայի իշխանություններին: Այժմ նա բնակվում է Բելգիայի Անտվերպեն շրջանում և, ինչպես նշել էր «Արմենպրես»-ի հետ նախորդ հարցազրույցում, կհամաձայնվի վերադառնալ Թուրքիա միայն իրական հանցագործների պատժվելու և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պարագայում: