Սիրիայի ընդդիմադիր կոալիցիան «ժնև 2»-ին մասնակցության որոշումը կկայացնի առաջիկա 2 օրերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիան «Ժնև 2» միջազգային համաժողովին մասնակցության մասին որոշում կկայացնի հունվարի 18-ին կամ 19-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են կոալիցիայի գրասենյակից: Տեղեկություններ կան, որ կոալիցիայի շարքերում տարաձայնություններ կան մասնակցության վերաբերյալ: Կոաիցիայի ղեկավար Ահմադ Ջարբան համաձայն է մասնակցել համաժողովին, նրա հետ համաձայն են ևս մի շարք անդամներ, սակայն, ընդհանուր առմամբ, նրանք փոքրամասնություն են կազմում:
«Ժնև 2» միջազգային համաժողովը տեղի կունենա հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտյո քաղաքում: Արդեն իսկ ավարտվում են համաժողովի նախապատրաստական աշխատանքները: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մոտ 3 տասնյակ երկրների մասնակցության հրավեր է ուղարկել: Հայտնի է նաև, որ համաժողովը կանցկացվի 6 լեզուներով՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն: