ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի կառավարությունը մոտ 120 միլիոն դոլար կհատկացնի սիրիացի փախստականներին օգնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այս մասին հունվարի 17-ին հայտարարել է ճապոնական «Կիոդո» գործակալությունը: Ակնկալվում է, որ Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Ֆումիո Քիշիդան օգնության ծրագրի իրականացման հարցը կքննարկի Շվեյցարիայում կայանալիք միջազգային համաժողովի ժամանակ: Նա նշել է, թե ցանկանում է, որ Ճապոնիան իր ներդրումն ունենա Սիրիայում իրավիճակի բարելավման և Մերձավոր Արևելքում անվտանգություն հաստատելու գործում: Նախարարը հաստատել է, որ ինքը կգլխավորի «Ժնև-2» համաժողովի Ճապոնիայի պատվիարկությունը և կվարի բանակցությունները:
Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Քուվեյթի իշխանությունները միլիոնավոր դոլարներ կհատկացնեն սիրիացի փախստականներին օգնելու համար:
Ժնևյան միջազգային համաժողովը կմեկնարկի հունվարի 22-ին, շվեյցարական Մոնտրյո քաղաքում: