Տնտեսություն

Հայաստանի վարչապետը պարտադիր կուտակային համակարգին այլընտրանք չի տեսնում եւ վստահ է դրա հաջողության հարցում

4 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետը պարտադիր կուտակային համակարգին այլընտրանք չի տեսնում եւ վստահ է դրա հաջողության հարցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կառավարությունը կենսաթոշակային բարեփոխումներին նախապատրաստվել է տասը տարի եւ այն ներդնելուն այլընտրանք չի տեսնում: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2013 թվականի ամփոփման նպատակով հրավիրված ասուլիսում: «Կենսաթոշակային ռեֆորմն աշխարհի ամենաբարդ բարեփոխումն է: Այն ենթադրում է առնվազն 35 տարվա հաշվարկներ, առնչվում է երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների եւ յուրաքանչյուր քաղաքացու շահերի հետ: Ռեֆորմի նախապատրաստման վրա տասը տարի է ծախսվել, հրավիրվել են աշխարհի հեղինակավոր ընկերություններ, ուսումնասիրվել է այլ երկրների հաջող փորձը: Սա այն բացառիկ օրենքներից է, որ հանրապետության նախագահի գլխավորությամբ քննարկվել է կոալիցիոն ուժերի հետ եւ բացառիկ է այն իմաստով, որ շատ ժամանակ է եղել` տնտեսվարող սուբյեկտների, քաղաքացիների համար նախապատրաստվելու դրա կիրառմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց վարչապետը: Նրա խոսքով` կենսաթոշակային համակարգի բովանդակությունը խարսխված է այն սկզբունքի վրա, որ այսուհետ ապահով ծերության համար պատասխանատու է ոչ միայն պետությունը, այլ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: Հայաստանը հրաժարվում է սերունդների համերշախության սկզբունքներից, քանի որ այլընտրանք չունի: «500 հազար քաղաքացի վճարում է հարկ, իսկ թոշակառուները 550 հազար են. նրանց պետք է վճարել այնպես, որ նրանք ապահով ապրեն: Հարկ վճարողների կողմից վճարվող միջոցները բավարար չեն պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար: Երբ անձն անցնում է թոշակի, նա համալրում է աղքատների թիվը, դա անթույլատրելի համակարգ է, եւ ընդունելի չէ նաեւ հարկային բեռի ավելացումը, որը զսպում է տնտեսական աճը»,-ասաց Տիգրան Սարգսյանը` հիմնավորելով, որ այլ ելք չէր մնում, քան անցում պարտադիր կենսաթոշակային համակարգի: Մանավանդ, որ գործող թոշակային համակարգն արդար չէ, քանի որ հաշվի չի առնում` մարդն ինչպիսի աշխատանքային կենսագրություն է ունեցել, և նրա կենսամակարդակը պայմանավորված է նրանով, թե որքան պետությունը կկարողանա նրան վճարել: Կարեւորն այն է, որ երիտասարդներն ստանձնեն սոցիալական պարտավորություն իրենց ապագայի հանդեպ, որպեսզի չառնչվեն աղքատության խնդրի հետ: Վարչապետն ընդգծեց, որ այս խնդրում բարձրացվող հարցերում կան քաղաքական սպեկուլյացիաներ, հնչում են կոչեր, որոնք պոպուլիստական կոչեր են եւ որեւէ երկիր հեղափոխական միջոցներով հաջողության չի հասել: Տիգրան Սարգսյանը հասկանալի է համարում նաեւ առկա դիմադրողականությունը այդ հարցի հետ կապված: Ցանկացած բարեփոխում առնչվում է դիմադրողականության հետ: Այդուհանդերձ, իշխանություննները լավ են պատրաստվել այդ դիմադրողականությանը` տասը տարի:

«Սա հեշտ փոփոխություն չէ. ցավոտ է, մենք հասկանում ենք. 275 հազար մարդ պարտավորվում է որոշակի փոփոխություն կատարել իր ապրելակերպում ու ենթագիտակցության մեջ: Սակայն սա հաջողություն է ունենալու, ինչպես այլ հաջողված նախագծեր, օրինակ, ամենահաջողված նախագծերից է սոցիալական փաթեթի ներդրումը, դրա մասին փաստել են հարցումները` չնայած սկզբում այն քննադատվում էր, սակայն հիմա խնդրում են ընդլայնել օգտվողների թիվը»,-ասաց վարչապետը` հիշատակելով նաեւ ԱՊՊԱ-ի ներդրումը որպես բարեփոխման հաջողված օրինակ: Նա ընդգծեց, որ խաղի կանոնները կենսաթոշակային հիմնադրամների համար սահմանում է ՀՀ օրենսդրությունը: Ֆոնդերի նպատակն է ապահովել խնայողությոնների հուսալիությունը:

Այդ ֆոնդերը, նրա հավաստիացմամբ, առաջատար են, ունեն բարձր վարկանիշ, նրանց ռիսկայնության աստիճանը չափազանց բարձր է, միջոցները կորցնելու հավանականությունը մոտ է զրոյին: Վարչապետը խոստացավ, որ դրանց մասին տեղեկատվության պակասը կլրացնեն ԿԲ-ն եւ կառավարիչները` ԶԼՄ-ներով ներկայացնելով մատչելի տեղեկություններ: Հստակ է, որ այդ ընկերություններին արգելվում է ռիսկային գործողություններ իրականացնել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում