Մաքսային միությանն անդամակցումը կապահովի տնտեսական աճ, ներդրումները կլինեն շարունակական
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մաքսային միությանն անդամակցության որոշումից առաջ Հայաստանի Հարապետության կառավարությունը քաջ գիտակցում էր, որ սա բազմագործոն գործընթաց է: Այսինքն, կան բազմաթիվ գործոններ, որոնք կունենան դրական ազդեցություն, տնտեսական եւ մշակութային կյանքի վրա, կլինեն նաեւ բացասական գործոններ: Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան-ինստիտուտումլրատվամիջոցների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ այս առումով կառավարությունը մեծածավալ վերլուծական աշխատանք է իրականացրել եւ վերլուծությունից եզրահանգել են, որ Մաքսային միության անդամակցումը կբխի Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների շահերից: Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ անդամակցությունն առաջին հերթին հնարավորություն կտա մուտք գործել հսկայական շուկա եւ այնտեղ իրացնել ապրանքները:
Թե ինչու երեք տարի առաջ չի կայացվել այդ որոշումը, վարչապետն ասաց, որ միասնական տարածքի բացակայությունը Մաքսային միության երկրների հետ հանդիսանում էր լրջագույն խոչընդոտ ՄՄ անդամակցության հարցում: «Այս մտավախությունը կար թե հայ, թե ռուս գործընկերների մոտ: Երկու երկրների միջկառավարական հանձնաժողովում սոցիալ-տնտեսական, ռազմավարական ծրագրերի քննարկման ժամանակ կողմերը հանդիպում էին պատնեշի, քանի որ ցանկացած հարցի լուծման համար հղում էր կատարվում Մաքսային միության եւ Ռուսաստանը չէր կարող միակողմանի որոշումներ ստանձնել պարտավորությունների իրականացման համար: Դա ստեղծում էր լրջագույն խնդիր եւ այդ պատնեշի հաղթահարումը լրացուցիչ գործիքներ էր ստեղծում: 2012 թվականին երկու երկրների նախագահների հանդիպումից հետո եղավ համատեղ քաղաքական հայտարարություն` երկու երկրների միջեւ խթանել ինտեգրացիոն գործընթացներ: Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունները աշխատանքային խումբ մշակեցին եւ ստեղծվեց նոր գործիքակազմ, որը հաշվի էր առնելու նոր գործընթացները: Խմբի օրակարգում էր ինչպես ստեղծել հնարավորություն հայկական բիզնեսի համար, որպեսզի բիզնեսմենները չհանդիպեն խոչընդոտների Ռուսաստանում ապրանքն իրացնելիս»,- ասաց Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ քննարկումները տեւեցին երկար, հարցերը վերաբերում էին մաքսազերծմանը, անվտանգությանն ու տեխնիկական բնույթի հարցերին:
Բանակցությունների արդյունքում սահմանվեց եւ լուծումներ գտնվեցին հեշտացված ընթացակարգով Մաքսային միության սահմաններում անցնելու առումով:
«Մաքսային միությանն անդամակցումից հետո կայուն տնտեսական աճի հիմքեր ստեղծվեն, կլինեն մեծածավալ ներդրումներ: Արդեն ստորագրվել է «Ռոսնեֆտ»-ի հետ կարեւորագույն համաձայնագիրը, որը Մաքսային միության անդամակցության հետեւանք է: Ներդրումները շարունակական են լինելու, ապահովվելու է տնտեսական աճ, կավելանան աշխատատեղերը»,- ասաց վարչապետը:
Մաքսային միությունը վերպետական տնտեսական կառույց է, որի կազմում են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը: Սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի ցանկության մասին: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ ստորագրվեց նաեւ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու համար նախատեսված «ճանապարհային քարտեզը»: