Քաղաքականություն

Լիբանանյան գործարարները Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են կատարել

3 րոպեի ընթերցում

Լիբանանյան գործարարները Հայաստանի տնտեսության մեջ 400 միլիոն դոլարի ներդրում են կատարել

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Լիբանանի արտակարգ և լիազոր դեսպան Ժան Մաքարոնը բարձր է գնահատել 2013 թ-ին հայ-լիբանանյան հարաբերությունների մակարդակը` ընդգծելով Լիբանանի աճող ներկայությունը հայկական տնտեսության մեջ: «Հայ-լիբանանյան հարաբերությունները շատ կարևոր են: Դրանք այժմ ավելի են բարելավվում, ինչը նպաստում է հայ և լիբանանցի ժողովուրդների մերձեցմանը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պարոն Մաքարոնը` հավելելով, որ երկկողմ տնտեսական համագործակցությունն աճում է գրեթե բոլոր բնագավառներում` հեռահաղորդակցություն, բանկային գործ, առևտուր և զբոսաշրջություն: Լիբանանյան մասնավոր սեկտորի` Հայաստանում կատարած ներդրումներն, ընդհանուր առմամբ, կազմում են մոտ 400 միլիոն դոլար: Դեսպանը ողջունեց Բեյրութ-Երևան վերականգնված օդային հաղորդակցությունը, որը հնարավորություն է տալիս լիբանանահայերին առանց դժվարության հայրենիք գալ: Middle East Airlines ավիաընկերության չվերթներով անցնող տարում ավելի քան 5 հազար լիբանանահայ է Լիբանանից եկել Հայաստան:

Ժան Մաքարոնի գնահատմամբ` Հայաստանը և Լիբանանը նաև երկկողմ սերտ համագործակցություն են ծավալում քաղաքական ոլորտում: «Հայաստանն աջակցում է Լիբանանին քաղաքական բոլոր հարցերում, իսկ Լիբանանն, իր հերթին, աջակցում է Հայաստանին քաղաքական իր բոլոր նախաձեռնություններում»,- ասաց դեսպանը` վկայակոչելով 2011 և 2012 թվականներին Լիբանանի և Հայաստանի նախագահների փոխադարձ այցերի ժամանակ հաստատված բարձր մակարդակի երկխոսությունը, որի ժամանակ ստորագրվել են «Դիվանագիտական և ծառայողական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին», «Բարձրագույն կրթության և ակադեմիական աստիճանների վկայագրերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագրերը:

Դեսպանն անդրադարձավ նաև Լիբանանի հայ բնակչությանը` ընդգծելով, որ հայերը Լիբանանում շատ հաջողակ են հատկապես առևտրի, բիզնեսի և մշակույթի ոլորտներում, ինչը կարևոր հենք է Լիբանանի տնտեսության համար:

Հայաստանի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ.: 2011 թվականին` Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձին, պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը:Մեկ տարի անց պատասխան այցով Լիբանանի Հանրապետություն է մեկնել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում