ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը Սիրիային է փոխանցել բեռնատարներ` քիմիական զենքը երկրից դուրս բերելու, ապա այն ոչնչացնելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, այս մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Նրա խոսքով` նախարարությունը կարճ ժամանակում իրականացրել է տեխնիկայի և այլ միջոցների փոխանցումը Սիրիային:
Ընդամենը երեք օրում՝ դեկտեմբերի 18-ից 20-ը, Լաթաքիա են հասել 75 բեռնատարներ, որոնցից 50-ը`«ԿամԱԶ», իսկ 25-ը՝ զրահապատ «Ուրալ» մակնիշի մեքենաներ են: Բացի այդ, տրամադրվել են ջրի տարողություններր ջրի համար, ռազմական վրաններ և այլն:
Նախարարը նաև նշել է, որ նշված տեխնիկան հնարավորություն կտա տեղափոխել սիրիական քիմիական զենքը Լաթաքիայի նավահանգիստ:
Սիրիայի քիմիական զենքը երկրից պետք է դուրս բերվի մինչև 2014թ.-ի փետրվարի 5-ը, իսկ ոչնչացման աշխատանքները պետք է լիովին ավարտվեն մինչև հունիսի 30-ը: