ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոմսի Ում ալ Ամադ գյուղում դեկտեմբերի 22-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 20 մարդ է զոհվել, որոնց մեծամասնությունը աշակերտներ և ուսուցիչներ են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, մահապարտ-ահաբեկիչը պայթյունն իրականացրել է Ում ալ Ամադ գյուղի դպրոցի մերձակայքում, որի հետևանքով բացի զոհերից տասնյակ աշակերտներ և ուսուցիչներ են վիրավորվել: Դպրոցը նյութական մեծ վնասներ է կրել: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ պայթյունի հետևանքով դպրոցի մերձակայքում 2 մետր խորությամբ և 7 մետր տրամագծով փոս է առաջացել, նյութական վնասներ են կրել մերձակայքում գտնվող տները:
Մեկ այլ պայթյուն տեղի է ունեցել Դարաա քաղաքի կենտրոնում, որի հետևանքով 12 մարդ է զոհվել, այդ թվում՝ 3 երեխա, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ռումբերից մեկն ընկել է հյուսիսային թաղամասում գտնվող եկեղեցու մոտ:
Ռումբ է ընկել նաև Դամասկոսի կենտրոնական Կասսա թաղամասում, որի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը՝ վիրավորվել: Մոտակայքում կայանված 14 մեքենա վնասներ է կրել:
2.5 տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 120 հազարը, իսկ զոհված հայերի թիվը՝ 65-ը: