ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Հալեպի ալ Լիրմուն թաղամասում տասնյակ զինյալների է ոչնչացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոչնչացվել են նաև նրանց պատկանող զենքերով լի մեքենաները: Բախումները հատկապես թեժ են Մաարա, ալ Արթիկ, ալ Մանսուրա, Ռաշիդին, Հադիր, ալ Այս, Մունղ, Հարյաթան, Ադնան և այլ թաղամասերում: Զինված խմբավորումների դեմ պայքարում տասնյակ զինյալներ են սպանվել և վիրավորվել Սուքքարի և Բուսթան ալ Կասր թաղամասերում:
«Ալ Ջազիրա»-ն տեղեկացնում է, որ կառավարական ուժերը արդեն 6-րդ օրը ռմբակոծում են Հալեպի թաղամասերը և մերձակա գյուղերը: Կայքի տեղեկացմամբ` նշված ժամանակահատվածում Հալեպում մոտ 280 մարդ է զոհվել, բնակիչներից շատերը լքել են իրանց բնակավայրերը:
Ընդդիմադիրների տեղեկացմամբ` իրենց զինյանլները դեկտեմբերի 20-ին հսկողություն են հաստատել Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում գտնվող հիվանդանոցի վրա: Բուժհաստատության ներսում գտնվող սիրիական բանակի գրեթե բոլոր զինվորները սպանվել են: Բացի դրանից, ընդդիմադիրները հայտարարել են երկու ռազմական ուղղաթիռների ընկնելու մասին: Նրանցից մեկն ընկել է Հոմսի գյուղերից մեկում, իսկ մյուսը՝ Դամասկոսի Արևելյան Ղուտայի շրջանում:
Հալեպում զինված արյունալի բախումները սկսվել են 2012թ.-ի ամռանը: Սիրիական բանակը հսկողութուն է հաստատել Հալեպի արևմտյան, իսկ ընդդիմադիրները արևելյան թաղամասերի վրա: