ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ՄԱԿ-ը հետաձգել է Իրաքի տարածքից Սիրիայի հյուսիսային շրջաններին, որտեղ քրդեր են բնակվում, մարդասիրական օգնություն տրամադրելու գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ՄԱԿ-ի փաստականների հարցերի գրասենյակից հայտնել են, որ իրաքյան Քրդստանից սիրիական Ղամիշլի քաղաք պլանավորված թռիչքը հետաձգվել է և դեռ հայտնի չէ, թե երբ այն տեղի կունանա:
ՄԱԿ-ը դետեմբերի 10-ին հայտարարել էր, որ, ստանալով Սիրիայի և Իրաքի համաձայնությունը, մտրադիր է մարդասիրական օգնություն հասցնել Սիրիայի հյուսիսային շրջաններ: Մինչև եկող շաբաթ նախատեսված էր իրականացնել 12 թռիչք:
Սա առաջին դեպքն է, երբ Իրաքի տարածքով մարդասիրական օգնություն կտրամադրվի Սիրիային: Հյուսիսային շրջաններում կարիքավոր սիրիացիների թիվն հասնում է 50-60 հազարի: