Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինն այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Սերժ Սարգսյանը և պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել են Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, երկու երկրների նախագահները ռազմակայանում լսել են հայ-ռուսական միացյալ զորախմբավորման հրամանատարի և ռազմակայանի հրամանատարի զեկույցները, այցելել են ռազմակայանի տարածքում գործող ռուսական եկեղեցի, որից հետո դիտել են նաև կայանի սպառազինությունը, այդ թվում՝ որոշակի նոր նմուշներ, լսել նաև հրամանատարության զեկույցները ցուցադրված տեխնիկայի հնարավորությունների վերաբերյալ:
102-րդ ռազմակայանը մեծ ներդրում է ունենում Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման գործում, անմիջական ու ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայաստանի և Ռուսաստանի զինված ուժերի կողմից անցկացվող համատեղ միջոցառումներին:
Գյումրիից ՀՀ և ՌԴ նախագահները մեկնել են Երևան, որտեղ մեկնարկել են ՌԴ Նախագահի պետական այցի շրջանակներում նախատեսված պաշտոնական մյուս միջոցառումները: