Հասարակական

Գարեգին Բ-ն ընդունել է Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարարին

2 րոպեի ընթերցում

Գարեգին Բ-ն ընդունել է Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի հայազգի նախարարին

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանի գլխավորած պատվիրակությանը` ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանի ուղեկցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, նոյեմբերի 15-ին կայացած հանդիպմանը ողջունելով նախարարի այցը Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` Ամենայն Հայոց կաթողիկոսն ուրախություն է հայտնել, որ հայ ժողովրդի զավակներն օգտաշատ ծառայություն են բերում և պետական բարձր պաշտոններ զբաղեցնում Ուրուգվայի պետական կյանքում` հարգանք ու պատիվ հավելելով մեր ժողովրդի բարի անվանը: Ապա անդրադառնալով Ուրուգվայի հայ համայնքային կյանքին` Նորին Սրբությունն իր երախտագիտությունն է փոխանցել երկրի պետական իշխանություններին` հայ ժողովրդի զավակների հանդեպ ցուցաբերվող հոգատարության համար: Ամենայն Հայոց Հայրապետը մասնավոր գոհունակությամբ ընդգծել է, որ Ուրուգվայն առաջին երկիրն է, որ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչն արտահայտությունն է հայ ժողովրդի հանդեպ տածած սիրո, հարգանքի և գնահատանքի:

Հանդիպման ընթացքում խոսվել է նաև Հայաստանի և Ուրուգվայի բարեկամական հարաբերությունների մասին, որոնք զարգանում են` ընդգրկելով գործակցության նորանոր ոլորտներ:

Իր հերթին Ուրուգվայի Զբոսաշրջության և սպորտի նախարար Լիլիամ Քեշիշյանն ուրախություն է հայտնել համայն հայության հոգևոր կենտրոնում հյուրընկալվելու առիթով: Նախարարը կարևորել է երկու երկրների ջերմ գործակցային հարաբերությունների ամրապնդումը տարբեր բնագավառներում, մասնավորապես տուրիզմի զարգացման ոլորտում:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր ողջույններն է փոխանցել Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկային, ում հետ հանդիպել էր Ուրուգվայ կատարած հովվապետական այցի ընթացքում: Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր մաղթանքներն է հղել Ուրուգվայի հայ համայնքին` հորդորելով շարունակել ամուր ու հաստատուն պահել համայնքային կյանքը և կարևոր ներդրում ունենալ Ուրուգվայի կյանքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում