Դամասկոսում տեղի ունեցած պայթյունից ավելի քան 50 մարդ է տուժել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնական թաղամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ութ քաղաքացիներ են զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զոհերից երկուսը կանայք են, իսկ հինգ տասնյակից ավելի վիրավորները, որոնց թվում կան նաև երեխաներ, տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց. նրանցից մի քանիսի վիճակը ծանր է: Դամասկոսի ոստիկանությունը տեղեկացրել է, որ պայթուցիկ սարքավորումը տեղադրված է եղել Հիջազ հրապարակի կենտրոնական հատվածում:
Սիրիական բանակը շարունակում է պայքարել զինյալների դեմ՝ զգալի հաջողություններ գրանցելով: Թեժ մարտեր են ընթանում Հալեպի կենտրոնական բանտի մերձակայքում, ալ Լիրմուն, Կուբթան ալ Ջաբալ թաղամասերում զինյալներին պատկանող զենքերով լի մեքենաներ են ոչնչացվել: Զինյալների թաքստոցներ են հայտնաբերվել և ոչնչացվել Հալեպի Բաբ Անթաքիա և Բաբ Կանսարին թաղամասերում:
Ոչ պաշտոնական տեղեկություններով` Սիրիայում 2011թ.-ի մարտից շարունակվող բախումների զոհ է դարձել 120 հազար սիրիացի: