Ռուսաստանը գործադրում է սիրիական հակամարտության կողմերին երկխոսության հրավիրելու ջանքեր
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Բոգդանովը նոյեմբերի 6-ին հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է հանդիպում անցկացնել Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև` արտասահմանյան կազմակերպությունների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա հաստատել է, որ որոշ ընդդիմադիրներ համաձայնել են այդ առաջարկին: Բոգդանովը նշել է, որ Սիրիայի կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների միջև հանդիպման արդյունքում պարտադիր չէ համաձայնության գալ՝ ընդգծելով, որ կարևորը երկխոսության մթնոլորտ ստեղծելն է: Ապա նա ավելացրել է, որ առանց այդ մթնոլորտի առկայության հնարավոր չէ հարցեր լուծել:
Սիրիայի ազատ բանակի ներկայացուցիչ Մուհամմադ ալ Ֆաթահը նշել է, որ ընդդիմության մասնակցությունը «Ժնև 2» միջազգային համաժողովին տեղի չի ունենա, քանի որ այն նպտակադրված չէ տապալել Բաշար ալ Ասադի իշխանությունը, և պնդել է, որ իրենք ոչինչ չեն քննարկելու և պահանջում են իշխանության տապալումը, և այդ պատճառով շարունակելու են պայքարել: