Տարածաշրջանային

Իլհամ Ալիևը պաշտոնապես ստանձնում է նախագահի պաշտոնը

2 րոպեի ընթերցում

Իլհամ Ալիևը պաշտոնապես ստանձնում է նախագահի պաշտոնը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլլի մեջլիսի նիստերի դահլիճում հոկտեմբերի 19-ին տեղի է ունենում նորընտիր նախագահ Իլհամ Ալիևի երդմնակալության արարողությւնը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, երդմնակալության արարողությանը ներկա են պաշտոնատար անձիք, կառավարության անդամներ, նախարարներ:

Սահմանադրական դատարանի լիագումար նիստն այսօր հաստատել էր Կենտրոնական ընտրական հանձանժողովի կողմից ներկայացված ընտրության արդյունքները: Իլհամ Ալիևը, ով ստացել էր քվեների 84.54 տոկոսը, հայտարարվել է Ադրբեջանի նախագահ:

Հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրությունները քննադատվեցին տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից որպես ոչ արդար, կեղծված և միջազգային չափանիշներին հակասող ընտրություններ:Ժառանագաբար նախագահի պաշտոնին տիրացած Ալիեւն արդեն երկու անգամ հաղթանակել էր 2003 եւ 2008 թթ. ընտրություններում:

Ադրբեջանի Սահմանադրության համաձայն` այդ երկրում բացակայում են նույն անձի` նախագահ դառնալու համար ժամկետների սահմանափակումները: Իլհամ Ալիեւը Ադրբեջանի երրորդ նախագահ Հեյդար Ալիեւի որդին է, ով այդ երկիրը սկսել է ղեկավարել 1994 թ-ից, իսկ մինչ այդ նա գլխավորել է Ադրբեջանի ԽՍՀ կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեն:

Իլհամ Ալիեւը հոր մահից հետո ժառանգել է բարձրագույն պետական պաշտոնը` օրինականացնելով այն 2003 թ-ին: Այդ պահից սկսած` նա կառավարում է երկիրը, եւ փորձագետների մեծամասնությունը պետության գործող ղեկավարին այլընտրանք չեն տեսնում մի շարք պատճառներով: Առաջինը` ընդդիմության թուլության պատճառով, որը չի կարողանում մեծ հեղինակություն ձեռք բերել հասարակության մեջ: Բացի դրանից, Ադրբեջանի քաղաքական կյանքը խստորեն վերահսկվում է իշխանության կողմից, եւ ցանկացած ընդդիմադիր գործողություն կանխվում է, բացակայում է նաեւ մամուլի ազատությունը: Փորձագետները նաեւ ավելացնում են, որ պետք է նկատի ունենալ նաեւ ադրբեջանական ժողովրդի արեւելյան մենթալիտետը, որտեղ մարդիկ սովորել են հարգել ուժը եւ կառավարիչներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում