Դամասկոսի Ջարամանա թաղամասում հրասանդներ ընկելու հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի Ջարամանա թաղամասում հոկտեմբերի 10-ին հրասանդներ են ընկել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, չորս հրասանդների ընկնելու հետևանքով, նախնական տեղեկություններով, տասը մարդ զոհվել է, վիրավորվել` ավելի քան 40-ը: Սիրիական ՍԱՆԱ գործակալությունն իր հերթին տեղեկացնում է, որ երեք հրասանդներն ընկել են Ջարամանա թաղամասի մուտքի մոտ գտնվող առևտրի կենտրոնի մերձակայքում, իսկ չորրորդն ընկել է հիվանդանոցի մոտ: Գործակալության տեղեկացմամբ 11 մարդ զոհվել է, վիրավորվել 23-ը: Բացի այդ, նյութական վնասներ են կրել մերձակայքում գտնվող շինությունները և մեքենաները:
Տեղեկություններ կան նաև, որ մեկ այլ հրասանդ է ընկել Հալեպի Ազմիյա շրջանի Բիլալ մզկիթի մերձակայքում, որի հետևանքով 6 մարդ զոհվել է, ևս 16-ը՝ վիրավորվել:
Ինչպես հայտնի է, թաղամասում մեծ թվով հայեր են բնակվում:
ՄԱԿ-ի տվյալներով, 2011թ.-ի մարտի 15-ից ի վեր Սիրիայում շարունակվող բախումների հետևանքով զոհերի թիվը գերազանցում է հարյուր հազարը: Բացի այդ, զոհված հայերի թիվը գերազանցում է մի քանի տասնյակը, մի քանի հայեր շարունակում են առևանգված մնալ: