«Արարատ 73»-40 տարի անց. Էդուարդ Մարկարովը մեծ ապագա է տեսնում Հայաստանի ներկա հավաքականի համար

9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արարատ-73»-ի հաղթական էջերը թերթելիս ոսկե տառերով է գրված Էդուարդ Մարկարովի անունը: Այսօր էլ Հայաստանի հերոսացած ֆուտբոլիստների շարքում մարդիկ առանձնահատուկ սիրով են հիշում Էդուարդ Մարկարովին: Շատերը նույնիսկ գիտեն, որ մինչ «Արարատ» փոխադրվելը, նա արդեն ԽՍՀՄ ֆուտբոլի առաջատար ու համբավավոր հարձակվողներից մեկն էր: Այժմ էլ նա ավագ ընկերոջ սրտացավությամբ ու լավագույնը տեսնելու մեծ ցանկությամբ է խոսում հայկական ֆուտբոլի եւ այդ փառավոր էջի, եւ այսօրվա մասին: Էդուարդ Մարկարովն այսօր էլ հայկական ֆուտբոլի ակունքներին մոտ է կանգնած, եւ հավատում է, որ կտեսնեք ազգային հավաքականի վաղվա օրվա հաղթանակները: «Արմենպրես»-ը շարունակում է «Արարատ 73»-40 տարի անց նախագիծը:

Էդուարդ Մարկարով

Ծնվել է 1942 թվականին: Հարձակվող: Սպորտի վաստակավոր վարպետ: Հանդես է եկել Բաքվի «Լոկոմոտիվ»-ում եւ «Նևթչի»-ում: 1971-75 թթ. խաղացել է Երեւանի «Արարատ» թիմում: ԽՍՀՄ հավաքականի կազմում մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը: ԽՍՀՄ չեմպիոն, մրցանակակիր եւ մրցաշարի գավաթակիր:

ԽՍՀՄ առաջնություններում դարձել է 157 գոլի հեղինակ : 1976 թվականից Երևանի «Արարատ»-ի վարպետների թիմի անդամ է:

-Պատմեք խնդրեմ, թե ինչպես «Նևթչի»-ից եկաք «Արարատ»:

-Սկիզբն այսպես էր... Երբ խաղում էի ԽՍՀՄ երիտասարդական հավաքականում, ծանոթացա եւ շուտ էլ ընկերացա Սուրեն Մարտիրոսյանի հետ: Ընկերներիս հետ տեղափոխվում էինք Երեւան` խաղալու «Արարատ»-ում: Եվ հետո միայն խոսակցություն գնաց տեղափոխվել, թեեւ «Արարատ»-ում խաղալու մասին խոսում էին դեռեւս 1968-ին: Բայց, քանի որ մայրս ասթմա ուներ, Հայաստանը լեռնային երկիր էր, իսկ Բաքվում ծովը մոտ էր, ապա տեղափոխությունը չստացվեց: Ցավոք, մայրս մահացավ 1970-ին: Հետո արդեն ընկերներս եկան եւ բոլորը նույն կարծիքի էին. «այստեղ մնալ արդեն իմաստ չունի, արի մեզ հետ»: Եվ ահա այսպես, ես եկա Հայաստան` «Արարատ»:

-Իսկ ինչպե՞ս ընդունեցին Ձեզ «արարատցիները»:

-Ես ոչ մի խնդիր չունեցա տղաների հետ: Ինքս շուտ հարմարվեցի նոր թիմին, առավել եւս, որ տղաներին արդեն քչից- շատից գիտեի: «Արարատում» մեծ հարգանք կար միմյանց նկատմամբ: Եվ որ ամենակարեւորն է` ժողովուրդն ինձ ընդունեց: Թիմը կարող է նոր ֆուտբոլիստների ընդունել, իսկ ժողովուրդը` մեծ դատավոր է:

-Ասում են, որ Ձեզ չէին ընդգրկում «Արարատ»-«Նևթչի» խաղերի հիմնական կազմում, սա քաղաքականություն էր, թե մարզչի ցանկությունը:

-Դա ինձնանից չէր գալիս: Մարզիչն ավելի լավ գիտեր: Այն ժամանակ, երբ «Նևթչի»-ում էի, «Արարատ»-ի դեմ խաղը չէր ստացվում, չէի կարողանում նորմալ խաղալ (ծիծաղում է): Սակայն Բաքվում կայացած գավաթի խաղարկության հանդիպման ժամանակ ես հիմնական կազմում էի ու գոլի հեղինակ էլ դարձա:

-«Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակից անցել է 40 տարի: Ինչպես եք հիշում այդ օրերը:

-Անկեղծ ասած` այսօր ես անգամ չեմ հիշում, թե ինչ եմ կերել երեկ երեկոյան, բայց հիշում եմ հաղթական այդ օրերը: Անմոռանալի են այդ պահերը, երբ գիտես, որ 70 հազար երկրպագու հետևում է քո խաղին, ավելի համարձակ ես դառնում: Անցած 40 տարիները ինձ համար ակնթարթի նման են անցել: Նայում եմ հետ եւ.... այն 20 տարեկան տղաների հաղթանակից անցել է 40 տարի... իսկ ինչպե՞ս:

-Ո՞րն էր այդ ժամանակների «Արարատ»-ի ֆենոմենը:

-Հետաքրքիրն այն էր, որ բոլորը գիտեին, թե որտեղ են ռուսական, ուկրաինական ակումբները, և որտեղ է Հայաստանը: Մրցաշրջանի սկզբից մենք չէինք էլ մտածել գավաթի մասին: Երբ խաղաշրջանն իր հունի մեջ էր ընկել, հասկացանք, որ մրցանակային տեղերի համար վստահ պայքարելու ենք: Բայց արի ու տես, համոզվեցինք նաեւ, որ կարող ենք թե առաջնությունում հաղթել, եւ թե գավաթը նվաճել:

-Նիկիտա Սիմոնյանի գալը բեկումնայի՞ն եղավ «Արարատ»-ի համար:

-Ամեն մարզիչ, ով աշխատել էր «Արարատ»-ում, իր ավանդն էր ներդրել թիմի կայացման գործում: Թիմը որպես այդպիսին սկսել էր կայանալ դեռեւս 1966թ-ից: Երբ Նիկիտա Սիմոնյանը եկավ, նա էլ, իհարկե, իր անժխտելի ներդրումն ունեցավ: Նիկտան այն մարդկանցից է, ով գիտի, թե ում հետ ինչպես վարվել: Նա շատ լավ գիտեր, թե ում պետք է գովել ընկերներ մոտ, եւ ում` հակառակը: Սա մարզչական մեծ հոգեբանություն է:Սիմոնյանի գալուց հետո ոչինչ չփոխվեց «Արարատ»-ում, ինչպես ասում են «կադրային փոփոխություն» չեղավ, հիմնական կազմը մնաց նույնը:

-Այսօր ինչպե՞ս եք հիշում «Դինամո»-«Արարատ» գավաթի եզրափակիչ խաղը:

-Այդ ժամանակ «Դինամո»-ի գլխավոր մարզիչը Ալեքսանդր Սևիդով էր: Կիեւցիներն արդեն մտածում էին, որ գավաթն իրենցն է, եւ Բլոխինիին փոխարինեց այլ ֆուտբոլիստ: Հենց այդ փոփոխության արդյունքում էլ մենք ստեղծեցինք այդ գոլը: Մի տեսակ հանգստություն զգացի, որ չպարտվեցինք: Այդ պահին հաղթեց հոգեբանական կողմը:

-Ինչո՞վ է տարբերվում Ձեր ժամանակների եւ մերօյա ֆուտբոլը:

-Տարբերությունն այդքան էլ մեծ չէ, չնայած, ասում են, որ հիմա աշխատանքն ավելի շատ է: Իսկ եթե համեմատելու լինենք, օրինակի համար, ուկրաինական թիմերի հետ, ապա նրանք դաշտ էին մտնում առաջին իսկ րոպեից եւ լքում` մրցավարի սուլիչով: Այն ժամանակ էլ աշխատանքը մեծ էր, բացի դրանից, ամեն թիմում էլ մի քանի «մտածող-ստեղծագործող» ֆուտբոլիստներ կային: Հիմա այդպիսի ֆուտբոլ խաղում է միայն «Բարսելոնա»-ն: Սակայն տարբերությունն այդքան էլ մեծ չէ:

-Ուրեմն, ֆուտբոլը նաեւ ստեղծագործական խաղ է...

-Այո: Խլելը հեշտ է, ջարդելը հեշտ է, ստեղծելն է դժվար:

-Ինչո՞վ է այժմ զբաղված լեգենդար ֆուտբոլիստ Էդուարդ Մարկարովը:

-Խաղում եմ թոռնիկներիս հետ (ծիծաղում է):

-Իսկ կապը մնո՞ւմ է «արարատցիների» հետ:

-Իհարկե: Երբեմն- երբեմն հավաքվում ենք «արարատցիների» ակումբում, հեռաձայնում մյուսներին Ամերիկա` այնտեղ են Լեւոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Արմեն Սարգսյանը: Ամեն ինչ պատմում ենք իրար:

-Ինչպիսի՞ ապագա է սպասվում մեր ազգային հավաքականին:

-Ես մեծ ապագա եմ տեսնում նրանց համար: Գովելի է, որ մեզ մոտ սկսել են աշխատել ֆուտբոլային դպրոցները: Ֆուտբոլային դպրոցներ ունեն «Փյունիկ»-ը, «Բանանց»-ը եւ «Միկա»-ն: Ֆուտբոլը ծնվում է հենց այդտեղից: Լավ է նաեւ այն, որ Հայաստանից եւս ֆուտբոլիստներ են գնում արտասահմանյան թիմերում խաղալու: Էլ չեմ խոսում Հենրիխ Մխիթարյանի եւ Յուրա Մովսիսյանի մասին:

-Անշուշտ, ազգային թիմի առաջընթացի զարգացման հիմնական նախադրյալը ներքին առաջնության անցկացումն է, իսկ մենք ընդամենը 8 թիմ ունենք:

-Պետք չէ մոռանալ նաեւ, որ պատերազմի ընթացքում մենք շատ կորուստներ ունեցանք, որն անշուշտ, իր ազդեցությունը թողեց նաեւ սպորտի վրա: Այժմ էլ, նման կորուստներից հետո դժվար կացություն է ստեղծվել: Բայց ժամանակը կգա: Այսօրվա երիտասարդությունը կմեծանա եւ այդ «բացը» կլրացվի: Այդ ժամանակ հայկական ֆուտբոլը կաճի, կզարգանա, եւ մենք կունենանք «Արարատ-73-ի» ֆուտբոլը:

-Իսկ ո՞րն է Ձեր սիրելի ակումբը:

-Հիմա նայում եմ «Բարսելոնա»-ի եւ «Բորուսիա»-ի խաղերը: Աստված ամեն ինչ տվել է Հենրիխ Մխիթարյանին, նա ամեն լավագույնը վերցրել է հորից` Համլետից:

Էդուարդ Մարկարովի հիշողությունները երախտավորությամբ գրի առավ Վարվառա Հայրապետյանը:

Լուսանկարները` Էդուարդ Մարկարովի անձնական արխիվից, «Արմենպրես»-ի արխիվից եւ Սամվել Բերքիբեկյանի

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը