Մանկավարժներն Արմեն Աշոտյանի գլխավորությամբ ստացան Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությունը
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության ոլորտի աշխատողները ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավորությամբ գիտելիքի օրվան ընդառաջ արժանացան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությանը: «Արդեն երրորդ տարին է` կրթության ոլորտի մշակները Արմեն Աշոտյանի գլխավորությամբ գալիս են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Տիրոջ օրհնությանն արժանանալու և իջման Սուրբ սեղանի առջև աղոթք բարձրացնելու առ Աստված: Նրանք ունեն կարևոր առաքելություն մեր կյանքում` կրթելու և դաստիարակելու մեր զավակներին այն արժեքներով, որոնցով մեր ազգը հարատևել է դարեր շարունակ: Այս առիթով մեր մաղթանքն ենք բերում` հայցելով Երկնավորից, որ պտղաբեր դարձնի մեր մանկավարժների ջանքերը և արժևորի նրանց աշխատանքն աստվածահաճո արգասիքներով: Տերը թող օրհնի ուսումնական տարեշրջանը, կրթության մշակներին և մեր զավակներին, ովքեր տարբեր ասպարեզներում պիտի ուսանեն և մեկ քայլ ևս առաջանան իրենց հոգում փայփայած երազների, նպատակների իրականացմանը»,-«Արմենպրես» հաղորդմամբ` ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ, բարձր գնահատելով Հայաստանյայց Առաքելական եկեղեցու դերը հայ երեխաների բարոյական դաստիարակման գործում, կարևորում է պետություն-եկեղեցի համագործակցությունը: «Անկախ պետականության պարագայում կրթության և գիտության նախարարությունը Հայաստանյայց Առաքելական եկեղեցու պատմական սուրբ գործի շարունակողն է, որովհետև դադեր շարունակ ազգը չունենալով պետականություն, իր կրթության օջախները ստեղծել և կրթության լույսը ստացել է եկեղեցու ներքո գործող կրթական հաստատություններում: Այսօր շատ բնական համարելով այս համագործակցությունն ու համատեղ աշխատանքը Մայր Աթոռի հետ` այս օրհնության արարողությունը ոչ միայն խորհրդանշանական ենք համարում, այլև տեսնում ենք դրա բովանդակային իմաստը:
Այսօր մարտահրավերները շատ են, գլոբալիզացվող աշխարհը տաբեր տեսակի տեխնոլոգիաներ ու գայթակղություններ է ստեղծում, որոնք մարդանց հեռացնում են իրենց պատմական արմատներից, մենք այդ մարտահրավերների դեմ միասին ենք պայքարում: Հայ եկեղեցին ազգային բանակի և ազգային մշակույթի հետ միասին պետության հենասյուներն են, որոնք մեզ լավատեսություն են ներշնչում, բայց պահանջում են ամենօրյա տքնաջան աշխատանք, որ մեր մանուկների մեջ սփռենք քրիստոնեական բարոյագիտության արժեքները: Պետությունն էլ այն տեղն է, ուր այս արժեքները պետք են»,-ասաց Արմեն Աշոտյանը:

Հայաստանի մի շարք հանրակրթական դպրոցների տնօրեններն ու ուսուցիչները, բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորները արդեն երրորդ տարին է ուսումնական տարվա նախաշեմին մասնակցում են Մայր Աթոռում տեղի ունեցող սուրբ պատարագին և ստանում Վեհափառի օրհնությունը: Հայ մանկավարժների օրհնության համար մատուցվող Սուրբ պատարագի ժամանակ երգում էին Էռնեկյան դպրոցի սաները:
Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն, որի ընթացքում Նորին Սրբությունը վերստին իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերեց ներկաներին: Գիտելիքի և դպրության օրվա առիթով Մայր Աթոռում արդեն ավանդաբար կազմակերպվող այս արարողությանը ներկա էին ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԿԳՆ աշխատակիցներ, ՀՀ մարզպետարանների կրթության վարչության պետեր, ՀՀ պետական բուհերի ռեկտորներ, ՀՀ քոլեջների և ուսումնարանների տնօրեններ, ՀՀ մարզերի և Երևանի դպրոցների տնօրեններ, ինչպես նաև Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների պատասխանատուներ:



