Տարածաշրջանային

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կայցելի օգոստոսի 13-ին

3 րոպեի ընթերցում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջան կայցելի օգոստոսի 13-ին

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցն Ադրբեջան տեղի կունենա օգոստոսի 13-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում virtual.az լրատվական կայքը` հղում կատարելով թուրքական ԶԼՄ-երին:

Նշվում է, որ Բաքու այցին ՌԴ նախագահին կուղեկցի մեծ պատվիրակություն, որի կազմում կլինեն նաեւ էներգետիկայի ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարներ:

Այցի ընթացքում կքննարկվեն այդ ոլորտում երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերվող հարցեր, ինչպես նաեւ կարծիքներ կփոխանակվեն տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերի շուրջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու նախատեսված է օգոստոսի 12-ին:

Թուրքական «Yeni Asya» թերթը օգոստոսի 7-ին հայտնել է, որ Արեւմուտքի հետ էներգետիկ նախագծեր իրագործելու առիթով Ռուսաստանի անհանգստությունը նվազեցնելու նպատակով Բաքուն Ռուսաստանին մասնակցություն է առաջարկել Տրանսադրիատիկ գազատարի նախագծում (TAP): «Ընդհանուր առմամբ` Ադրբեջանի դիրքորոշումը Ռուսաստանի «հանգստացմանն» ուղղված հայեցակարգի պրոդուկտ է»,- գրել է թերթը:

Թուրքական թերթի այս հայտարարությունը հիմք է տալիս կարծելու, որ նման առաջարկի դիմաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջիկա այցը Ադրբեջան ողղված է այդ երկրում հոկտեմբերին տեղի ունենալիք նախագահական ընտրություններում Ադրբեջանի գործող նախագահ Իլհամ Ալիեւին աջակցություն ցուցաբերելուն:

TAP նախագիծը կոչված է ապահովելու Կասպյան տարածաշրջանից գազը Հունաստանի, Ալբանիայի եւ Միջերկրական ծովի վրայով Իտալիայի հարավ, եւ հետո Արեւմտյան Եվրոպա փոխադրումը: Որպես հիմնական աղբյուր նախագիծը դիտում է այն գազը, որը ծրագրվում է արդյունահանել ադրբեջանական «Շահ դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլում:

«Շահ դենիզ» գազի հանքավայրի մշակման գծով գործընկերներ BP, SOCAR (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) եւ Total ընկերությունները Տրանսադրիատիկ գազատարի նախագծում կստանան ընդհանուր 50 տոկոս մասնակցության բաժին` համապատասխանաբար, 20, 20 եւ 10 տոկոս: Ներկայում TAP-ի բաժնետերեր են շվեյցարական Axpo (42,5 տոկոս), նորվեգական Statoil (42,5 տոկոս) եւ գերմանական E.ON Ruhrgas (15 տոկոս) ընկերությունները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում