Մարզային

Գեղարքունիքի մարզում գրանցվել է գյուղական տուրիզմի աճ

4 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզում գրանցվել է գյուղական տուրիզմի աճ

ԳԱՎԱՌ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալությունում ավարտվել է զբոսաշրջության ծավալների գնահատումը մարզի լճափի եւ գյուղական տուրիզմի արդյունքները: Դիտվել է լճի մերձափնյա համայնքների բնակիչների սեփական բնակարաններում հանսգտացողների թվի կտրուկ աճ, հատկապես Շորժա, Ծափաթաղ, Դարանակ, Արեգունի, Արտանիշ, Չկալովկա, Նորաշեն, Ծովազարդ, Հայրավանք համայնքներում: ԱՎԾ աշխատակազմի Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը «Արմենպրես»-ին հայտնեց, որ ըստ համայնքապետարանների` նշված գյուղերում գործող առեւտրային կազմակերպությունների եւ բնակչության շրջանում արված հարցումների՝ տնային տնտեսությունների առնվազն 2 տոկոսը հունվար-հունիս ամիսներին հյուրընկալել է գոնե մեկ հանգստացողի: Գյուղական տուրիզմի շրջանակներում մեկ մարդու գիշերավարձի 2 օրվա արժեքը 8000 դրամ է կազմել, իսկ հանգստացողների միջին հաշվարկային քանակը՝ 20 հազար: Նախորդ տարվա նույն ժամանակատվածի համեմատ այս ոլորտում աճ է արձանագրվել 5-7 տոսկոսով:

Այս տարվա հունվարից մինչեւ հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գեղարքունիսի մարզ այցելել է շուրջ 378 հազար զբոսաշրջիկ: Հանգստացողների ընդհանուր թիվը հնարավոր է եղել հաշվել մոտավոր արդյունքների հիման վրա, որովհետեւ հանսգտյան օրերի հանգստացողների մեծ հոսքին հաջորդում են համեմատաբար քիչ այցելուներով օրերը: Վիճակագրական տվյալների ամփոփումը ստացվել է բոլոր հանգստյան գոտիների այցելությությունների ընթացքում կատարված հարցումների, ընդհանրացումների եւ համապատասխան հաշվարկերի հիման վրա: Ներքին զբոսաշրջության արդյունքների ամփոփումից պարզ է դարձել, որ զբոսաշրջիկների այցելության հիմնական նպատակը եղել է հանգիստն ու ժամանցը: Բուժման, գործնական եւ այլ նպատակներով ներքին զբոսաշրջության տվյալներ չեն գրանցվել:

Հաշվարկվել է նաեւ զբոսաշրջության ոլորտում առանձին ծառայությունների միջին արժեքները: Վագոն-տնակների վարձակալության միջին գիշերավարձը 5-30 հազար դրամ է, տաղավարների վարձակալության օրավարձը՝ 3-10 դրամ, լողամիջոցների ժամավարձը՝ 1500-25000 դրամ, վրանների համար տարածքների օրավարձը 2000-5000 դրամ, սպասարկման այլ վճարների՝ տնակների եւ տարածքի մաքրում, սպասքի մատուցում եւ այլ ծախսերի մոտավոր արժեքի օրավարձը տատանվում է 1000-ից 5000 դրամի սահմաններում: Առաջարկվող նախաճաշի արժեքը տատանվում է 1000-ից 5000-ի սահմաններում, որը պատվիրվում է հանգստացողների 5-10 տոկոսի կողմից: Ռեստորանային ծառայությունների միջին արժեքը 3-10 հազար դրամ է, որը պատվիրվում է հանգստացողների 20 տոկոսի կողմից:

Հաշվի առնելով, որ յուրաքանչյուր հանգստացող մարզում մոտավոր հանգստացել է 2 օր, վագոն-տնակների վարձակալությունից եկած ընդհանուր գումարը մոտավոր կազմել է 3 միլիարդ 780 միլիոն դրամ: Տաղավարների վարձակալության մոտավոր հաշվարկների հանրագումարը կազմել է 453 միլիոն 600 հազար դրամ, լողամիջոցների վարձակալության ընդհանուր արժեքը` 201 միլիոն 600 հազար դրամ: Սպասարկման վճարների համար մարզ է մուտք գործել շուրջ 453 միլիոն 600 հազար դրամ: Նախաճաշի համար վճարվել է 79 միլիոն 380 հազար դրամ, ռեստորանային ծառայության համար` 378 միլիոն դրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում