Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

ԳՅՈՒՄՐԻ, 28 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում հուլիսի 27-ին անցկացվեց  «Berry Festival 2024» հատապտուղների փառատոնը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փառատոնն անցկացվում էր առաջին անգամ՝  «Կանաչ արահետ» գյուղատնտեսության աջակցության հասարակական կազմակերպության՝ Ուսուցման կանաչ կենտրոնի նախաձեռնությամբ։ Փառատոնի հիմնական գործընկերներն են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, Շիրակի մարզպետի աշխատակազմը, Ախուրյանի համայնքապետարանը: 

Միջողացռմանը ներկա էին Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, Եվրամիության «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» ծրագրի ղեկավար Պասկալ Բոկկերսին, «Կանաչ արահետ» ՀԿ նախագահ Նունե Սարուխանյանը, հյուրեր։

«Հատապտուղների փառատոն»-ին մասնակցում էին  ֆերմերներ, արտադրողներ, վերամշակողներ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերից: 

«Փառատոնի կարևորագույն նպատակը ֆերմերների, արտադրողների, վերամշակողների, գնորդների և տարբեր կազմակերպությունների ու հնարավոր ներդրողների հանդիպումն է, փորձի փոխանակումն ու համագործակցությունը՝ նպաստելով Հայաստանում կայուն գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացմանը, հատապտուղների մշակության արժեշղթայի կայացմանը»,- «Արմենպրես»-ին տեղեկացրեց  փառատոնի համակարգող Մարիամ Վարդանյանը՝ նշելով, որ Հայկավանի ընտրությունը պատահական չէր.  մեկ տարի առաջ այս բնակավայրում հիմնվել է «Կանաչ ուսուցման կենտրոն»-ը, իսկ տարիներ առաջ Հայկավանում՝ Հայաստանուն առաջինը հիմնվեցին ազնվամորու բոստանները։ «Սկզբում  Հայկավանում չէին հավատում, որ հնարավոր է ազնվամորու այգիներ հիմնել, բայց այսօր արդեն Հայկավանում շատ են ազնվամորու արտադրությամբ զբաղվող ֆերմերները»,-հավելում է Մարիամ Վարդանյանը։ 

Տոնը ուղեկցվում էր բնական ու ավանդական գյուղմթերքի տոնավաճառով, հյուրասիրությամբ, ինչպես նաև ավանդական համերգային ծրագրով` երգիչների, երաժիշտների ու մշակութային փոքր խմբերի մասնակցությամբ, երեխաների համար նախատեսված ժամանցային կատարումներով ու ներկայացումներով, խաղերով, վարպետաց դասերով ու պարային համարներով:        

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում