Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

4 րոպեի ընթերցում

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

ԳՅՈՒՄՐԻ,  26 ՀՈՒԼԻՍ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ հուլիսի 26-ին կայացավ  ավագանու արտահերթ նիստ, որին ներկայացված էր Գյումրու նախկին քաղաքապետերի թվով 24 որոշումներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին պահանջներով ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու վերաբերյալ նախագիծ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նախագծի համար  հիմք հանդիսացել են ՀՀ գլխավոր դատախազության  2024 թվականի հունիսի 11-ի և հունիսի 19-ի, նաև 2024 թվականի հունիսի 5-ի Շիրակի մարզի դատախազության գրությունները։

Դրանք պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր են, որոնք առնչվում են Գյումրու նախկին երկու քաղաքապետի՝ Վարդան Ղուկասյանի և Սամվել Բալասանյանի կայացրած թվով 24 որոշումներին, որից 22-ը կայացվել է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ղեկավարման տարիներին։ Այդ որոշումներն ընդգրկում են 2003-2011 թվականները, իսկ երկուսը՝ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարման ընթացքում են կայացվել՝ 2018 թվականին։

24 որոշումներով հայցերը ավագանու նիստի օրակարգում ներկայացված էին մեկ ընդհանուր որոշման նախագծով։ Դատախազությունն հիմնավորել է, որ Գյումրու քաղաքապետերի մի շարք որոշումներով խախտվել են պետության և/կամ համայնքի շահերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցեր ներկայացնել դատարան։

Վիճահարույց տարածքներից  են «Օազիս» ռոստորանը, «Հոկտեմբեր» կինոթատրոնը, «Սև բերդ» ամրոցի հարակից տարածքը։

Նիստին չէին մասնակցում «Հանրապետական», «Զարթոնք» խմբակցությունները։ «Բալասանյան դաշինք» խմբակցության ավագանու 13 անդամից ներկա էր 8-ը։ Նիստին ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու բոլոր անդամները։ Ավագանու անկախ անդամ Վարդևան Հակոբյանն ու «Ապրելու երկիր» խմբակցության ավագանու անդամ Կարեն Մալխասյանը թեև ներկա էին նիստին, բայց  չմասնակցեցին նախագծի քվեարկությանը։

«2018 թվականի թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո ՀՀ քաղաքացիներն արձանագրել են շատ կարևոր մի հանգամանք, որ իրենք այլևս անհանդուրժող են ապօրինությունների դեմ և դա համարում են անթույլատրելի։ Մենք փորձում ենք մեր արժեքներին հավատարիմ մնալ և այս նիստը նախաձեռնել ենք այս ամենի տրամաբանության մեջ»,- նշեց ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը։

«Բալասանայն դաշինք» խմբակցության ավագանու անդամ Լուսինե Սանոյանը տեղեկացրեց, որ խմբակցությունը կողմ է քվեարկելու նախագծին։ «Մեր թիմն հանձնառու է պաշտպանել Գյումրու և գյումրեցու շահը և մենք կաշկանդված չենք որևէ հանգամանքով։ «Բալասանյան դաշինք» խմբակցությունը կողմ է քվեարկելու այս նախագծին։ Մեզ համար էլ է առաջնային իրականության պարզաբանումը»։

Նախագծին կողմ քվեարկեցին ներկա բոլոր անդամները՝ ՔՊ-ն իր 11 ավագանու անդամով և «Բալասանյան դաշինք խմբակցության 8 անդամ։    

 

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում