Տնտեսություն

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի նվազման միտումներ կան. փորձագետը ներկայացրել է պատճառները

6 րոպեի ընթերցում

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվի նվազման միտումներ կան. փորձագետը ներկայացրել է պատճառները

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա մայիս և հունիս ամիսներին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են զբոսաշրջային այցելությունների ցուցանիշները։  

Զբոսաշրջության կոմիտեի տվյալներով 2024 թվականի հունիսին Հայաստան այցելել է 180,718 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 199,159-ի փոխարեն։ Ընթացիկ տարվա մայիսին էլ դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 167,049 զբոսաշրջիկ՝ 2023-ի նույն ժամանակահատվածի 176,384-ի և 2022-ի 116,495-ի փոխարեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով զբոսաշրջիկների հոսքի համեմատական նվազման վրա ազդող գործոններին, Տուրիզմի hայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նախ նշեց, որ ըստ փորձագիտական եզրակացությունների, հրապարակված պաշտոնական ցուցանիշներն այս տարվա առաջին կիսամյակում, ըստ էության, մոտ 5 տոկոսով նվազել են նախորդ տարվա համեմատ։ 

Փորձագետն առանձնացրեց նվազման վրա ազդեցություն ունեցած մի քանի գործոններ:

Անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակ

Չնայած տարբեր վարկանիշային պարբերականներ Հայաստանը վերջին շրջանում ներկայացնում են դրական տեսանկյունից՝ ամենաապահով երկրների առաջին տասնյակում, նույնիսկ՝ եռյակում, ինչպես նաև որպես ամենագրավիչ երկրներից, այդուհանդերձ, նպատակային շուկա հանդիսացող ԱՄՆ-ի, եվրոպական երկրների, Ճապոնիայի իրավասու գերատեսչությունների կայքերում մեր երկիրը ներկայացվում է «կարմիր սահմանագծեր»-ով, այսինքն՝ ոչ անվտանգ երկիր:

Սա իր բացասական ազդեցությունն է  ունենում ինչպես ընդհանուր, այնպես էլ կազմակերպված տուրիզմի վրա։ 

Նպատակային շուկաներ հանդիսացող երկրների իրավասու կառույցների կողմից Հայաստանը ոչ անվտանգ ներկայացնելու պատճառով համապատասխան ընկերությունները զբոսաշրջիկներին ապահովագրություն չեն տրամադրում՝ պատճառաբանելով հենց այդ հանգամանքը։ 

Իր բացասական դերն է ունենում  նաև  տարածաշրջանում և աշխարհում տիրող անկայուն աշխարհաքաղաքական իրավիճակը։

Զբոսաշրջիկների թվի նվազման վրա զգալի ազդեցություն է ունեցել գների բարձրացումը

Բացի աշխարհում ընդհանուր գնաճը, մեր երկրում տարբեր պատճառներով, կարելի է ասել անհարկի, բարձրացան առանձին ծառայությունների գները։ Պարզապես տեսնելով, որ լավ, դինամիկ աճում է տուրիզմը՝ որոշեցին, որ կարելի է միանգամից հարստանալ, և գներ բարձրացվեցին։ Կարելի է ասել՝ դա տեղի ունեցավ և՛ մասնավոր հատվածում, և՛ պետական, օրինակ՝ թանգարաններում։ 

Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի արժևորում

Արտարժույթի նկատմամբ ՀՀ դրամի արժևորումը կազմում է մոտ 30 տոկոս և, ըստ էության, Հայաստանում  զբոսաշրջային արդյունքն առնվազն 50 տոկոսով թանկացել է։  

Սա արդեն պետք է ահազանգ լինի, և մտածենք գնային քաղաքականությունը կարգավորելու, խելամիտ ու ողջամիտ լինելու մասին։ Բացի այդ՝ պետական քաղաքականությունը պետք է նպաստի նրան, որ կարողանանք մեր գները կարգավորել ու մրցունակ դարձնել։ Այստեղ որպես գները զգալի մեղմացնող գործոն կարող է լինել «Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» շրջանառվող օրինագիծը, ինչը ենթադրում է ներգնա զբոսաշրջային փաթեթի իրացման նկատմամբ ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափի կիրառում: Օրինագծի ընդունվելու դեպքում զգալիորեն կմեղմվի գների անհարկի բարձրացումը։

Մյուս կողմից  շրջանառության հարկի դրույքաչափերի կրկնապատկումը, որ նախատեսվում է, կբարձրացնի Զբոսաշրջային որոշ ծառայությունների ինքնարժեքը, մասնավորապես՝ հանրային սննդի դեպքում։

Փորձագետը, դրական գնահատելով կառավարության՝ միասնական հարկային քաղաքականության գնալու նպատակը, միաժամանակ անհրաժեշտ է համարում այն ոլորտի հետ քննարկելը և դրան քայլ առ քայլ գնալը։ Նրա կարծիքով՝ զբոսաշրջության առանձնահատկությունները հաշվի չառնելը կարող է էական վնաս հասցնել ոլորտին՝ կրկին թանկացումների տեսքով։

Դրական և ինստիտուցիոնալ բարեփոխում է նաև զբոսաշրջային տրանսպորտային ծառայության վերաբերյալ նոր օրենքի ընդունումը, ըստ որի, այն արդեն որակավորման ենթակա գործունեություն է համարվում։

Այդուհանդերձ, զբոսաշրջության համար պետք է բարենպաստ, առանձին հարկատեսակներ սահմանվեն. պետք է լինի շրջանառության հարկ՝ ոչ ավել քան 5 տոկոս տոկոսադրույքով, որովհետև մեր տրանսպորտային ծառայության գները նույնպես էապես բարձրացել են՝ պայմանավորված վառելիքի թանկացմամբ, իսկ տրանսպորտային ծառայությունը զգալի մաս է կազմում զբոսաշրջային փաթեթում։

Զբոսաշրջային ակտիվ սեզոնում ցուցանիշների դրական փոփոխության հավանականություն

Չեմ բացառում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որն առավել ակտիվ ժամանակահատված է, թվերը հավասարակշռվեն և տարեկան ցուցանիշը գոնե բացասական չլինի։ Բայց այստեղ կարևորն այն է, որ այդ ինդիկատորն արդեն աշխատել է, որովհետև նախորդ տարիներին մենք ունեցել ենք շեշտակի աճեր՝ 2022 թվականը 2021-ի նկատմամբ կրկնակի է աճել, իսկ 2023-ը նախորդ տարվա նկատմամբ՝ գրեթե 40 տոկոսով։ Հիմա, եթե նույնիսկ տարեկան ցուցանիշն առանց մինուսի լինի, նշանակում է՝ մենք մտածելու տեղ ունենք։

Զբոսաշրջության կարևորությունն ու ազդեցությունը տնտեսության վրա

Նախորդ տարվա ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկի օրինակով կարող եմ ասել՝ կոպիտ հաշվարկով, եթե մեկ զբոսաշրջիկի այցելության միջին ծախսը հաշվենք մոտ 1000 դոլար, ապա դա կնշանակի, որ միայն ներգնա տուրիզմից առնվազն 2 միլիարդ դոլարի համախառն եկամուտ ենք ունեցել:

Վան Նովիկով 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում