ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բնակիչներն ամռանը նախընտրում են հանգստանալ ծովափնյա երկրներում:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը:
«Հայերս սիրում ենք հանգստանալ ջրային տարածքների մոտ: Հիմա մեծ ընտրության և հնարավորությունների պարագայում ծովափնյա երկրներում հանգստի կազմակերպումն ավելի հասանելի ու պահանջված է: Առավել ևս, որ Հայաստանից ուղիղ չվերթներ են իրականացվում տարբեր ուղղություններով, այդ թվում՝ միանգամայն էկզոտիկ երկրներ: Քիչ չեն նաև պատմամշակութային, ճանաչողական և այլ տեսակի ուղևորությունները»,- ներկայացրեց մեր զրուցակիցը:
Մեխակ Ապրեսյանը տեղեկացրեց, որ հայաստանցիներն առավել հաճախ հանգստի են մեկնում Եգիպտոս, Չեռնոգորիա, վիզայի առկայության դեպքում՝ նաև Հունաստան: Նախընտրելի ուղղություններից են նաև Շրի Լանկան և եվրոպական մի շարք երկրները, որոնցում նույնպես հնարավոր է վայելել ծովային հանգիստը: Հայ զբոսաշրջիկների կարելի է հանդիպել անգամ Դոմինիկյան Հանրապետությունում, Կարիբյան ավազանի և Հարավ-Արևելյան Ասիայի կղզիներում: Ճիշտ է, ինչպես նշեց մեր զրուցակիցը, ամենահեռավոր և էկզոտիկ հանգստավայրերում մեր հայրենակիցները շատ չեն:
Հանգստի տարածված ուղղություններից է, բնականաբար, Վրաստանի սևծովյան ափը, սակայն, Մեխակ Ապրեսյանի խոսքով՝ այլընտրանքի ընդլայնման պայմաններում հարևան երկիր հանգստի մեկնող ՀՀ քաղաքացիների թիվը նախորդ տարիների համեմատ որոշ չափով նվազել է:
Մեխակ Ապրեսյանի դիտարկմամբ՝ երբեմնի պոպուլյար Անթալիա մեկնողներ գրեթե չկան: «Եթե անգամ կան գնացողներ, ապա շատ քիչ են: Անկեղծ ասած՝ չեմ էլ նկատել, որ մեր զբոսաշրջային ընկերությունները հիմա գովազդեն այդ ուղղությունը: Գրավիչ չէ նաև Ռուսաստանի սևծովյան ափը»,- նշեց նա:
Փոխարենը, Մեխակ Ապրեսյանի վկայությամբ, զբոսաշրջային ոլորտում բավականին հաջող համագործակցություն է ձևավորվել Ռուսաստանի այլ տարածաշրջանների հետ. «Օրինակ, ունենք ուղիղ չվերթներ դեպի Եկատերինբուրգ, Տյումեն և այլ քաղաքներ: Դա զբոսաշրջության բնագավառում ակտիվ համագործակցության արդյունք է: Նույն Տյումենի պարագայում դրան մեծապես նպաստել և աջակցել է տեղի հայ համայնքը»,- ընդգծեց Ապրեսյանը:
Վերջին տարիների իրադարձություններից հետո, նաև տարածաշրջանում անկայուն իրավիճակով պայմանավորված՝ զգալիորեն նվազել է Արևմտյան Հայաստան մեկնողների թիվը:
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը նշեց, որ այս ոլորտը Հայաստանում զարգացման նոր խթան կստանա, եթե ՀՀ քաղաքացիներին հնարավորություն ընձեռվի մեղմ ընթացակարգով ստանալ եվրոպական երկրների վիզաներ և այնտեղ մեկնելու հնարավորությունը պարզեցվի: Հիմա, ինչպես նշեց Մեխակ Ապրեսյանը, զբոսաշրջային սեզոնում եվրոպական երկրներից առանց վիզայի հնարավոր է այցելել Չեռնոգորիա:
Հրայր Նազարյան