ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ն և Տուրիզմի հայկական ֆեդերացիան նոյեմբերի 1-ին «Մեգերյան կարպետ»-ում իրականացրին համաժողով՝ նվիրված ազգային խոհանոցի զարգացման ռազմավարությանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ազգային խոհանոցի զարգացման հնգամյա ռազմավարությունն առաջին փաստաթուղթն է Հայաստանում, որում հստակ նշված են ազգային խոհանոցի պահպանման, զարգացման և հանրահռչակման կարևորությունն ու դրանց հասնելու քայլերը։
Ռազմավարության նպատակն է նպաստել հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, ներգնա զբոսաշրջության կայուն զարգացմանը, հանրային առողջության ապահովմանը, հայկական ազգային կերակրատեսակների հանրայնացմանը, բնաշխարհին հատուկ էնդեմիկ բուսատեսակների և պտղատեսակների պահպանությանը։ Փաստաթղթում ներկայացված են ոլորտի խնդիրները, մարտահրավերները և դրանց լուծման ուղիները։
Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ Սեդրակ Մամուլյանն ընդգծեց՝ հինգ տարի մշակում են ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական հայեցակարգը։ «Մենք հաճախ բողոքում ենք, որ մեր այս կամ այն կերակրատեսակը «գողացան», մեր խոհանոցն աշխարհում լավ ներկայացված չէ, խոհարարների կրթությունը լավագույնը չէ և այլն։ Այս նախաձեռնությունը խոսքից գործի անցնելու մասին է խոսում»,-ասաց Սեդրակ Մամուլյանը։
Նա նշեց՝ մենք պետականորեն ամրագրված ազգային խոհանոց չունենք, ինչը լրջագույն խնդիր է, իսկ մեր հարևան երկրները դեռ 1980-ականներին արել են այդ քայլը։ «Մենք չունենք պաշտոնական խոհանոց։ Պաշտոնական հյուրընկալությունների ժամանակ քմահաճույքով կամ ծանոթների շրջանակը հաշվի առնելով են մեր երկիր այցելած հյուրին հյուրասիրում և իրենց ճաշակով, որը այնքան էլ բարձր չէ։ Մենք ռազմավարության հայեցակարգի մեջ նաև կրթության խնդիրն ենք դնել. պետք է անպայման բարձրագույն ուսումնական հաստատություն լինի, լուսաբանման հարցն ենք առաջ քաշել։ Հայկական խոհանոցի մասին ֆիլմեր, հաղորդումներ գրեթե չկան։ Մեր հարևանները բոլոր առիթներն օգտագործում են իրենց խոհանոցն աշխարհում ներկայացնելու համար, իսկ մենք ունենք հզոր սփյուռք, սակայն բավարար ներկայացված չենք»,-պատմեց Մամուլյանը։
Սեդրակ Մամուլյանը հայեցակարգի գործնական կիրառումը պատկերացնում է հիմնադրամի ստեղծման, պետություն-մասնավոր համագործակցության, հինգ տարվա ժամկետով աշխատանքների համակարգման միջոցով։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի կարծիքով՝ խոհարարությունը հասարակությանն ամենահասանելի ոլորտներից մեկն է, որն ազգայինը պահպանելու հնարավորություն է տալիս։ «Մեր մի շարք ուսումնական հաստատություններում բազմաթիվ երիտասարդներ խոհարարություն են սովորում։ Այն ամենապահանջված մասնագիտություններից է մեր քոլեջներում։ Մենք լուրջ խնդիր ենք դրել մեր առաջ և մտադիր ենք զարգացնել խոհարարական կրթությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, ինչի վառ ապացույց այն է, որ այս տարի առաջին անգամ մասնագիտական վերապատրաստումների և ատեստավորման ծրագիր ենք իրականացնում, որը հնարավորություն է տալու մինչև երեք անգամ աշխատավարձի բարձրացում ապահովել։ Այս տարվա ընտրված չորս ուղղություններից մեկը խոհարարությունն է»,-ասաց փոխնախարարը։
Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանի հավաստիացմամբ՝ հայեցակարգը խիստ կարևոր է զբոսաշրջության զարգացման տեսանկյունից. դժվար է ոլորտը պատկերացնել առանց խոհանոցի։ «Խոհանոցն ինչպես մեր կյանքի անբաժան մասն է, այնպես էլ մեր մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների, այն ունի նաև կարևոր քաղաքական, դիվանագիտական նշանակություն»,-նշեց նա։
Միջոցառմանը հանրությանը ներկայացվեցին Սեդրակ Մամուլյանի հեղինակած «Սյունիքի խոհանոց», «Վայոց ձորի խոհանոց», «Տավուշի խոհանոց», «Լոռվա խոհանոց» հայերեն-անգլերեն գրքերը, որոնք հնարավորություն են տալիս նորովի բացահայտել հայկական խոհանոցը, ընդգծել բազմազանությունը, տարածաշրջանային յուրահատկությունները և ազգային ժառանգության պահպանման կարևորությունը։
Բաղադրատոմսերի հավաքչությունը կատարվել է Սեդրակ Մամուլյանի գլխավորությամբ։ Գրքերի տպագրությունն իրականացվել է «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի կողմից՝ «Հայաստանի կենդանի լանդշաֆտները շուկայի զարգացման համար» (ԼԻԼԱ), իսկ Սյունիքի գիրքը՝ RECONOMY-ի «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրերի շրջանակում։
«ԼԻԼԱ» ծրագրի համակարգող Ալլա Ղազարյանի խոսքով՝ գրքերում հնարավոր է ոչ միայն բաղադրատոմսեր գտնել, այլև հետաքրքիր պատմական, մշակութային ակնարկներ յուրաքանչյուր բաղադրատոմսի վերաբերյալ, առկա են նաև QR կոդեր, որոնք ընթերցողներին հնարավորություն են տալիս սքանավորել դրանք և ուտեստներ պատրաստել Սեդրակ Մամուլյանի օգնությամբ։ «Գրքերի տպագրությամբ ինտենսիվ և պետական մակարդակով Հայաստանում զարգացնել գաստրոզբոսաշրջությունը, իսկ մեր մարզերում այն բավականին կաղում է, որովհետև մեր ազգային խոհանոցը շատ լավ ներկայացված չէ, իսկ գրքերը կարող են որոշ չափով լրացնել այդ բացը։ Գրքերը եզակի ուղեցույցներ են խոհարարների համար և կարող են նպաստել կարողությունների զարգացմանը, գիտելիքների հարստացմանը և ճաշացանկի թարմացմանը»,-շեշտեց Ղազարյանը։
«ԼԻԼԱ» ծրագիրը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) կողմից։ Հայաստանում Շվեյցարիայի փոխդեսպան, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տնօրենի տեղակալ Ուրսուլա Լաուբլին նշեց, որ սիրով են աջակցում ծրագրին։
«Իրականում ես շատ եմ սիրում հայկական խոհանոցը։ Գրքերում ինձ շատ է դուր եկել այն, որ այնտեղ շատ լավ ներկայացված են հայկական ուտելի բանջարեղեններով հարուստ ուտեստների բաղադրատոմսեր, որոնք այնքան էլ հայտնի չեն, այնինչ դրանք նաև շատ առողջարար են»,-ասաց փոխդեսպանը։
Նա դա շատ կարևորեց՝ նշելով, որ հատկապես մեր օրերում զբոսաշրջիկները նախընտրում են թեթև կերակուրներ ուտել։ Նա խոստովանեց՝ իր սիրած ուտեստը ժենգյալով հացն է։
Գրքերը դեռ չեն վաճառվում։ Գրքերը կտրամադրվեն զբոսաշրջային գործակալություններին, տուրիզմի կոմիտեին, միջազգային կառույցներին, քոլեջներին, պետական այլ հաստատությունների, որոնք ինչ-որ կերպ առնչվում են հայկական ազգային խոհանոցին։
Միջոցառմանը հրավիրված էին պետական, միջազգային և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային ներկայացուցիչներ, փորձագետներ, ՀՈՌԵԿԱ համակարգի ղեկավարներ և այլ շահագրգիռ կողմեր։
Երեք մասից բաղկացած համաժողովին ներկայացվեցին ռազմավարության հիմնական ուղղությունները, կազմակերպվեցին թեմատիկ պանելային քննարկումներ, անցկացվեցին գրքերի շնորհանդեսներ։