Տնտեսություն

Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են ավելի ներկայանալի հայտեր մշակել զբոսաշրջիկների համար

4 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Վրաստանը պատրաստվում են ավելի ներկայանալի հայտեր մշակել զբոսաշրջիկների համար

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնի շրջանակներում երկու երկրների տարբեր կազմակերպությունների մասնակցությամբ Երևանում անցկացվեց զբոսաշրջային գործարար համաժողով, որի ընթացքում կողմերը պայմանավորվեցին ոլորտում առկա հրատապ հարցերը լուծելու համար ստեղծել համատեղ աշխատանքային խումբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել համատեղելու հաճելին և օգտակարը՝ ծանոթանալ հայ և վրացի ժողովուրդների մշակութային ժառանգության որոշ առանձնահատկություններին, ազգային խոհանոցներին, զբոսաշրջային ընկերությունների առաջարկներին, ձևավորել գործարար կապեր, քննարկել համագործակցության զարգացման հեռանկարները և դրան նպաստող քայլերը:

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նման միջոցառումները հիանալի առիթ են շփումները խորացնելու, խնդիրները շեշտադրելու, դրանց լուծումները քննարկելու, նաև համատեղ առաջարկներ մշակելու համար: 

«Համագործակցության համար շատ լավ հարթակ է: Փառատոնի շրջանակներում կազմակերպում ենք բիզնես ֆորումներ, որին մասնակցող զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչները միասին քննարկում են հայ-վրացական տարածաշրջանային զբոսաշրջային փաթեթների ձևավորմանն առնչվող հարցեր՝ ձգտելով ստեղծել ավելի մրցունակ, գրավիչ ու ներկայանալի առաջարկ, որը հնարավոր կլինի գովազդել և առաջ մղել համաշխարհային շուկայում»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:

Նա նկատեց, որ այս տարի միասնական փաթեթների ձևավորումից զատ համաժողովում քննարկվել են նաև Հայաստանի և Վրաստանի միջև զբոսաշրջային այցելությունների ակտիվացման, երկու երկրների մշակութային ժառանգության պահպանության ու պատշաճ կերպով ներկայացնելու, մշակութային երկխոսության զարգացման վերաբերյալ հարցեր:

Կարևորվել է նաև զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակի չափանիշների սահմանումը և հետևողական բարելավումը: Հատուկ ուշադրություն է դարձվել սահմանի հատման գործընթացների հեշտացմանն ու արագացմանը, որը կարևոր գործոն է միջազգային զբոսաշրջությունը զարգացնելու համար: Պակաս կարևոր չէ զբոսավարների մասնագիտական պատրաստվածության զարգացումը, նրանց արտոնագրումը:

«Հայաստանում և Վրաստանում արդեն սկսվել է լիցենզավորման գործընթացը: Օրինակ, զբոսավարից պահանջվում է հարգանքով վերաբերվել հայկական և վրացական պատմամշակութային ժառանգությանը, ապատեղեկատվություն չտարածել դրա վերաբերյալ: Այդ խնդիրը ներկայացրել ենք մեր պատկան մարմիններին, որպեսզի չափորոշիչներ մշակելիս հաշվի առնեն դա»,- ասաց Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահը:

Նա հայտնեց նաև, որ համաժողովի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ աշխատանքային խումբ՝ բարձրաձայնած հարցերի լուծումներ մշակելու նպատակով: Նախատեսվում է, որ համատեղ աշխատանքային խմբի անդամները կհանդիպեն հայ-վրացական սահմանին և տեղում կքննարկեն սահմանի հատման գործընթացների դյուրացման հնարավորությունը: 

Հրայր Նազարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում