Մարզային

Գյումրին մեծ պատասխանատվությամբ է ստանձնում ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը

4 րոպեի ընթերցում

Գյումրին մեծ պատասխանատվությամբ է ստանձնում ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը

ԳՅՈՒՄՐԻ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային եւ Գյումրու քաղաքային իշխանություններն ուրախ են հանրապետության երկրորդ քաղաքը համարվող Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ: Այդ կոչումը պաշտոնապես ստանձնելու առիթով հունիսի 30-ին հրավիրված ասուլիսում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ընդգծեց. «Գյումրին հայրաքաղաք էր, դարձավ մայրաքաղաք»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նշեցին, որ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք պատահական չի դարձել, սակայն դա այդպես չէր լինի, եթե չլիներ ՀՀ նախագահի նախաձեռնությունը եւ այն կառույցների աջակցությունը, ում շնորհիվ միջոցառումը կյանքի կոչվեց:

Նշանակալի իրադարձության կարեւորությունն ընդգծեց նաեւ ՀՀ մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի վարչության անդամ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: «Շատ ուրախ եմ, որ կարողացանք հասնել այս օրվան, սակայն այս տոնական միջոցառումը չէր լինի, եթե չլինեին ԱՊՀ հումանիտար համագործակցության հիմնադրամը, ՀՀ կառավորության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական հատկացումները եւ եթե չլինեին գյումրեցիները: Այսօր իրոք տոն է»,-նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա տեղեկացմամբ՝ բացի համերգային եւ փառատոնային միջոցառումներից, այս ընթացքում կիրականացվեն մի շարք ծրագրեր՝ «Շիրակի երկրագիտական թանգարանի» կառույցի, Մերկուրովի եւ Գյուրջիեւի թանգարանների հիմնանորոգման եւ Շչորսի 4 հասցեի վերկանգնման հետ կապված:

«Սա մեծ հաջողոթյուն է ոչ միայն նրա համար, որ Գյումրին հռչակվեց մշակութային մայրաքաղաք, այլ նաեւ նրա համար, որ սա յուրօրինակ հնարավորություն է ոչ միայն ԱՊՀ երկրներին, այլ ողջ աշխարհին Գյումրին ցուցադրելուհամար»,-նշեց ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը:

Հանդիսավոր արարողությունների առիթով Գյումրիում է նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղարության տեղակալ Տոկտասին Բուզուբաեւը:

2012-ի դեկտեմբերի 5-ին Աշխաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում Գյումրին հայտարարվել է 2013-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, իսկ Գյումրու հետ 2013 թվականին ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ են ճանաչվել նաեւ Բելառուսի Մագիլով եւ Ադրբեջանի Գաբալա քաղաքները:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010-ին ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) նախաձեռնությամբ: «Գյումրին 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի ֆինանսական միջոցներով: Շուրջ 80 մլն դրամ գումար ծախսվել է ծրագրի պաշտոնական բացման արարողության համար: Ծրագիրը միայն մեկ միջոցառումով չի սահմանափակվում՝ քաղաքում մշակութային տարաբնույթ միջոցառումները մեկնարկել են ավելի վաղ եւ կշարունակվեն մինչեւ տարեվերջ: Որոշ միջոցառումներից օրինակ երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային փառատոնն արդեն միջազգային ճանաչում է ձեռք բերել, մյուսը՝ թատերական «Դուետ» միջազգաին փառատոնը, որը կմեկնարկի հուլիս 1-ին, շատերի կարծիքով կդառա հիշվող եւ պարբերական: Ընդհանուր առմամբ 45 միջոցառում կանցկացվի այս ընթացքում: Ծրագրի պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին, որը եւս լի կլինի անակնկալներով լեցուն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում